ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը փետրվարի 19-ին մասնակցել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական և ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Երեխայի մոտ զարգացման խանգարումների վաղ հայտնաբերում և վաղ միջամտություն» փորձնական ծրագրի արդյունքների ներկայացմանը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում՝ նպատակ ունենալով 0-6 տարեկան երեխաների մոտ զարգացման խանգարումների վաղ հայտնաբերումը, ճիշտ ուղղորդումը, համապարփակ բուժման կազմակերպումն ու ներգրավումը կրթական և սոցիալական կյանքին:
Համախմբվելով մի նպատակի շուրջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիության նախարարությունների մասնագետները իրենց իրավասությունների և գործառույթների շրջանակներում հայտնաբերել և վեր են հանել Հայաստանի Հանրապետությունում բնակվող զարգացման խանգարումներ ունեցող 0-6 տարեկան երեխաների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները:
Նախարարության անունից ողջունելով բոլոր ներկաներին և ծրագրի արդյունավետության գրավականը համարելով միջոլորտային սերտ համագործակցությունը՝ տիկին Բաղդասարյանը նշել է. «Հատուկ կարիքներ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների խնդիրների ժամանակին հայտնաբերումը, կարիքների գնահատումը, համապատասխան միջամտության կազմակերպումը բոլորիս խնդիրն է: Ժամանակին լուծելով այդ երեխաների խնդիրներն ու համապատասխան ծառայություններ տրամադրելով նրանց՝ մենք կանխարգելում ենք մանկական հաշմանդամությունը: Կարող եմ փաստել, որ փորձնական ծրագրի երկու տարվա աշխատանքները մեծ հաջողություն են գրանցել ՀՀ Տավուշի և Լոռու մարզում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում: Բացահայտելով երեխայի կարիքը՝ միաժամանակ լուծվում են նաև ընտանիքի խնդիրները»:
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին մշտապես իր օժանդակությունն է ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին տիկին Տանյա Ռադոչայի հավաստմամբ՝ կարևորը ոչ միայն այդ իրավիճակում հայտնված ընտանիքին և երեխային օգնելն է, այլ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը: Նրանք՝ իրենց խնդիրներով հանդերձ ընդունելի պետք է լինեն հասարակության անդամների համար: Շնորհակալություն հայտնելով իրագործված աշխատանքների համար՝ տիկին Ռադոչայը հորդորել է հաջողված փորձը կիրառել ամբողջ Հայաստանում:
Քննարկման ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ներկայացրել է իրենց մասով կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հանդես եկել նոր առաջարկություններով և դիտարկումներով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներն ևս հանդես են եկել զեկույցով, որտեղ մանրամասն ներկայացվել է իրականացված աշխատանքները, մասնավորապես, հաշվառվել են զարգացման հապաղումներ և հաշմանդամություն ունեցող 0-6 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, գնահատվել նրանց կարիքները, սոցիալական աշխատողների կողմից կատարվել են տնային այցելություններ և դեպքի վարումներ: Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ նրանք հանդես են եկել նաև առաջարկություններով.
ա/ Կանոնակարգել և ամրապնդել միջոլորտային համագործակցությունը, բ/ մշակել մեթոդական ուղեցույց այդ գործընթացի նկարագրության, տեղեկատվության փոխանակման մեխանիզմների, յուրաքանչյուր կողմի դերերի հստակեցման համար, գ/ մշակել ձևաթուղթ՝ տեղեկատվությունը գործընկեր մարմնին փոխանցելու, միմյանց հետ այդ տեղեկատվությունը փոխանակելու և հետադարձ կապն ապահովելու համար, դ/ մշակել ծառայությունների ոլորտային քարտեզ, որը կներառի ծառայության տեսակը, դրանց մատուցման աշխարհագրությունը:
Փորձնական ծրագրի նշանակությունը կարևորելով՝ քննարկման մասնակիցները արձանագրել են, որ միջոլորտային սերտ համագործակցության արդյունքում այսուհետ հնարավորինս վաղ կհայտնաբերվեն հաշմանդամություն կամ զարգացման խանգարումներ ունեցող երեխաները, նրանց խնդիրներին կտրվեն արդյունավետ լուծումներ, կկանխվեն այդ խնդիրների ծանրացումը, ինչպես նաև համագործակցության ամրապնդումը կնպաստի ընտանիքների բազմաբնույթ խնդիրների համապարփակ լուծմանը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ներգրավված պետական մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: