Երեխաների պաշտպանության ոլորտում միջգերատեսչական համագործակցություն պետք է լինի. Ա. Ասատրյան

0
110

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի  22-ին  մասնակցել է ԵՄ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված  «Երեխայի իրավունքների գործիքակազմի» շնորհանդեսին:

Կարևորելով ՀՀ կառավարության հետ  ԵՄ և  ՄԱԿ մանկական հիմնադրամի  համագործակցությունը  գործնական ուղեցույց մշակելու և ձևավորելու  գործում, նախարարը նշել է, որ այն  երեխաների պաշտպանության ոլորտում  գործող  կազմակերպություններին  առարկայական հնարավորություններ է տալիս  գործիքակազմի կիրառմամբ գնահատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաներին կարիքը:  «Երեխաների պաշտպանության ոլորտում առարկայական միջգերատեսչական  համագործակցություն պետք է լինի: Անցյալ տարի կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց միջգերատեսչական  կանոնակարգ, բայց գործանականում ողջ աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար պետք է լինեն ուղեցույցեր,  համապատասխան գործիքակազմեր,  որոնք սոցիալական աշխատողին, բժիշկին, մանկավարժին համայնքային ոստիկանին և ՀԿ ներկայացուցիչներին հնարավորություն կտան դեպքի վերաբերյալ  ժամանակին տեղեկացնել  համապատասխան կառույցին, որպեսզի ոչ մի երեխայի ճակատագիր դուրս չմնա ուշադրությունից »,-իր խոսքում նշել է նախարարը:

Ոլորտում իրականացվող օրենսդրական, իրավական աշխատանքների մասին խոսելիս, նախարարը  նշել է, որ  այս տարի ևս դրանք շարունակվելու են, որպեսզի այդ իրավական ակտերով սահմանված  նորմերը աշխատողները գործնականում կարողանան կիրառել,  այսինքն՝  լինեն նույն ինֆորմացիոն դաշտում, ունենան  նույն մոտեցումներն ու պատկերացումները դեպքի վերաբերյալ:  «Արդյունքում ունենալու ենք բարձր որակով մատուցվող ծառայություններ, ինչն ըստ էության, գործիքակազմի հիմնական նպատակն է հանդիսանում»,-ընդգծել է նախարարը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Տանյա Ռադոչայը նույնպես ընդգծել է  գործիքակազմի  անհրաժեշտությունը և նշել. «Կամա թե ակամա յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: Այս Գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելիների կյանքում»:

Միջոցառմանը ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը:

Շնորհանդեսին հաջորդելու է երկօրյա դասընթաց՝ զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է կառավարության, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: