0
117

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Ա. Ասատրյանը ներկայացրեց “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությունը փորձում է հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել և գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը: Ըստ նախարարի, օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, այսինքն՝ 10 տարվա ստաժի դեպքում կապահովի մեկ գործակից, միչդեռ մինչ այժմ մեկ գործակիցը 25 տարվա դեպքում էր սահմանվում։

“Արդյունքում 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի, նկատի ունենալով, որ օրինակ՝ 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում 10%։ Արդյունքում շուրջ 500 000 կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ և ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում 20-25%, մյուս դեպքում 10-15%, այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը: Հիմա մենք առաջարկում ենք մեկ տարվա արժեքի տարբեր չափեր սահմանվի։ Մինչև 10 տարվա ստաժի համար, մյուս դեպքում՝ 10 տարուց ավելիի համար: Հիմա, եթե մեկ տարվա ստաժի համար սահմանված է 450 դրամ, ապա արդեն 10 տարվա ստաժ ունեցողներինը կդառնա 700 դրամ։ Այսինքն 10 տարվա ստաժ ունեցողները, եթե հին օրենքով ստանում էին 14 800 դրամ, ապա հունվարի 1-ից օրենքի փոփոխության արդյունքում կստանան 21 000 դրամ”,- նշեց նախարարը։