Հաճախ ամուսինը հեռանում է, երբ իմանում է, որ նորածինը խնդիրներով է ծնվել. հարցազրույց մասնագետի հետ

0
109

Օտարերկրացիները Հայաստանից մեծ մասամբ որդեգրում են առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Այս մասին NEWS.amի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, երեխաների եւ կանանց հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը, որն անդրադարձել է Հայաստանյան մանկատների պայմաններին, երեխաների որդեգրմանը:

– Տիկին Խաչատրյան, նախորդ տարում ի՞նչ բարեփոխումներ են արվել Հայաստանի մանկատներում:

Մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, կամ երեխային տեղավորել ընտանիքներում, կամ վերադարձնել կենսաբանական ծնողներին, կամ գոնե ստեղծել ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ: Եթե առաջին երկուսը չենք կարողանում անել, ապա մնում է համապատասխան պայմանների ստեղծումը:

Հանրապետությունում այսօր կա վեց մանկատուն, որից երեքը` մասնագիտացված: Վերջինները նախատեսված են կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Նախորդ տարում վեց մանկատներում ունեցել ենք 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն առողջական խնդիրներ ունեն եւ խնամվում են մասնագիտացված մանկատներում: Ստացվում է, որ այս երեք մանկատները գերծանրաբեռնված են: Օրինակ, Խարբերդի մանկատանը խնամվում է 220 սան, որոնցից 100-ը` չափահաս: Մենք նոր հաստատություն ստեղծեցինք, շուրջ 70 երեխայի տեղափոխեցինք այնտեղ, սակայն խնդիրը վերջնականապես չլուծվեց:

– Ընտանիքների հետ շատ եք շփվում: Ի՞նչ պատճառով է ծնողը հրաժարվում երեխայից:

Պատճառները տարբեր են, կան մարդիկ, որոնք նման ծնողներին մեղադրում են: Ես չեմ շտապում գնահատական տալ, իմ համոզմամբ, ոչ մի ծնող չի ցանկանում իր 15 տարեկանին հանձնել մանկատուն: Սակայն նույն ծնողն այլ տարբերակ չունի, մենակ է մնացել, կամ պիտի աշխատի ու երեխային խնամող չունի: Հայաստանում հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական վատթար պայմաններն են, չկան ցերեկային, վերականգնողական հաստատություններ, որտեղ երեխային կարող ես տանել:

Բացի դրանից, ծնողներից շատերը երեխային հանձնում են հենց ծննդատնից, երբ իմանում են` երեխան խնդիր ունի: Պետք է հասկանալ, որ ընտանիքը ցնցում է ապրում, պատրաստ չի լինում նման երեխայի խնամել: Շատ հաճախ տղամարդը թողնում, հեռանում է ընտանիքից` կնոջը թողնելով երեխայի հետ միայնակ…

– Լինո՞ւմ են դեպքեր, որ կենսաբանական ծնողները հետ են վերցնում առողջական խնդիրներ ունեցող իրենց երեխաներին:

Հատուկենտ դեպքեր կան: Նախորդ տարի առանց վերջույթների ծնված Ռաֆայելին ծնողները հետ վերցրին, երկու ծնող էլ Դաունի համախտանիշով ծնված երեխաներին տուն տարան:

– Տիկին Խաչատրյան, նախարարությունը նման ընտանիքների հետ չի աշխատո՞ւմ, թե՞ կարծրատիպերով ապրող հայաստանցիներին դժվար է տարհամոզելը:

Աշխատանքը պետք է սկսել ծննդատնից: Կան ծնողներ, որոնք անհույս են, արդեն մերժել են նման երեխայի մուտքն իրենց կյանք, իրենց ընտանիք:

Մի քանի տարի առաջ, օրինակ, կար Կառավարության որոշում` հիվանդություններ ունեցող երեխաներ ընտանիքներ վերադարձնելու համար: Մենք ուսումնասիրեցինք շուրջ 200 ընտանիք, հարցրինք` ինչքան գումարի կամ որ պայմաններում իրենց երեխաներին կվերցնեն մանկատներից: Պատկերացրեք` գտնվեց ընդամենը հինգ ընտանիք, որը ցանկություն հայտնեց երեխային տուն տանել:

– Լիովին առողջ երեխային ե՞րբ է ծնողը մանկատուն հանձնում:

Պատճառները կրկին տարբեր են. արտամուսնական կապից ծնված երեխա, միայնակ մայր, որը չի կարողանում հոգալ երեխայի կարիքները: Ընդհանրապես նման երեխաների թիվը մեծ չէ, շուրջ 160 երեխա:

– Տիկին Խաչատրյան, 2015թ.-ին քանի՞ երեխա է որդեգրվել: Կարծիք կա, որ այսօր օտարերկրացիները Հայաստանից շատ երեխաների են որդեգրում:

Նախորդ տարում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը` օտարերկրյա որդեգրողների կողմից: Որդեգրվող երեխաները հիմնականում ունեն առողջական խնդիրներ: Նշեմ, որ հենց օտարերկրացիներն են որդեգրում առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Նրանց մտածելակերպն այլ է, նրանք խնդիր ունեցող երեխային ընկալում են որպես լիարժեք մարդ: