ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հունվարի 29-ին տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը:
Բարձր գնահատելով սոցիալական գործընկերության դերը ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության և ռացիոնալ լուծումներ գտնելու հարցում` նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Սոցիալական աջակցության` մասնավորապես զբաղվածության ոլորտում մշակվող քաղաքականության շրջանակներում պետք է իրականացնել այնպիսի ծրագրեր, որ անապահով ընտանիքում եղած աշխատունակ անձը ապահովվի աշխատանքով: Նախատեսված ծրագրերի հասցեականության մեծացմանն էլ էապես կօգնի համապատասխան ձևաչափերով ուսուցումների կազմակերպումը: Քաղաքացին պետք է հասկանա իրականացվող ծրագրերի նպատակն ու իրեն աջակցելու կարևորությունը»:
Օրակարգում ներառված էր երեք հարց` հանրապետական եռակողմ կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և նրա կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերի քննարկում:
2014թ. հանձնաժողովի աշխատանքների արդյունքում վերհանվեցին բազմաթիվ խնդիրներ և սոցիալական գործընկերության առավել բարձր մակարդակ ապահովելու համար ստեղծվեցին անհրաժեշտ նախադրյալներ: Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու և նոր պայմանագրի նախագծի մշակման համար նախկին նիստի որոշմամբ ձևավորվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված նախարարության, գործատուների միության և արհմիության ներկայացուցիչները համատեղ ձևավորել էին հետևյալ մոտեցումները. պայմանագրում ներառել տնտեսական հարցերին վերաբերող բաժին, հանձնաժողովի աշխատակարգում ամրագրել դրույթ, որի համաձայն այն կունենա մշտապես գործող աշխատանքային խումբ, ՀՀ կառավարությունում իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամանակ հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայնվի նաև հանձնաժողովի կարծիքը, կարգավորում տալ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի՝ հաստատված ցանկով փոխարինող ունենալու հարցին, հանձնաժողովի որոշումները գրությամբ ուղարկել ՀՀ վարչապետին: Եվս մեկ անգամ քննարկելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները՝ հանձնաժողովի կողմից որոշում ընդունվեց նոր պայմանագրի և աշխատակարգի վերջնական տարբերակը մշակել` Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան փորձագետի ներգրավմամբ:
Օրակարգի երկրորդ և երրորդ հարցերը վերաբերում էին «Զբաղվածության մասին» ՀՀ օրեն
քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրա կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծին:
Օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծումներ պահանջում էին փոփոխություններ` մասնավորապես, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության» ծրագրում ընդգրկվող շահառուների կարգավիճակի, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության խթանման, սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի առաջացման և կատարման ցուցանիշների հաշվարկման մեխանիզմների հստակեցման վերաբերյալ:
Օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում ևս կկատարվեն փոփոխություններ` նպատակ ունենալով ընդլայնել փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագրով աշխատաշուկայում անմրցունակ անձանց տրվող աջակցության շրջանակները, բարձրացնել գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման արդյունավետությունը, գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում և սեզոնային զբաղվածության խթանման միջոցով աջակցել գյուղացիական տնտեսությանը:
Առաջարկվող փոփոխություների հիմնական նպատակն է` առավել հասցեական դարձնել զբաղվածության քաղաքականության շրջանակներում մշակված ծրագրերը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց օգնել գտնելու հարմար աշխատանք, իսկ գյուղացիական տնտեսություններին աջակցել մշակելու իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ պարոն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության, շահագրգիռ քննարկումների, նոր, գործնական առաջարկությունների համար: