ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր մասնակցել է «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի իրազեկման աշխատաժողովին, որին ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն» հկ խորհրդի նախագահ Սերգեյ Բալասանյանը:
Կարևորելով միջոցառման առիթը, նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ գործընկերներին ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է ընտանիքների կարողությունների զարգացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը: «Որքան էլ լավ լինեն պայմանները հաստատություններում, միևնույն է երեխայի լավագույն խնամքը կարող է կազմակերպվել ընտանիքում և ոչինչ չի կարող փոխարինել ընտանեկան ջերմությանն ու միջավայրին: Այդ իսկ պատճառով, վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որին աջակցում են նաև մեր միջազգային գործընկերները, ուղղված են ընտանիքների հզորացմանն ու ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- իր ելույթում նշել է նախարարը:
Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նաև երեխաների ուղղորդման այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը. «Ելնելով երեխայի լավագույն շահից, իրականացվող աշխատանքները առաջին հերթին ուղղված են կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու իրավունքի ապահովմանը: Եթե կենսաբանական ընտանիքում հնարավոր չէ, ապա այստեղ կարևորվում է խնամակալական ինստիտուտը, որը թույլ է տալիս երեխայի մոտ ամրապնդել և պահպանել հարազատական կապը: Մյուս ուղղությունը միջազգային դրական փորձի վրա հիմնված խնամատար ընտանիքի մոդելի կիրառումն է՝ ուղղորդման չափորոշիչների հստակեցումը, խնամատար ընտանիքների ընտրությունը»:
Ելույթի ընթացքում Արտեմ Ասատրյանը խոսել է նաև մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրներից՝ նշելով, որ 220 շրջանավարտ այսօր ապահովված են բնակարանով, 250 շրջանավարտ էլ սպասում են իր հերթին: «ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունը վերաբերել է սոցիալական բնակֆոնդի ձևավորմանը: Այս տարվա ընթացքում կունենանք նոր լուրջ ծրագրեր, որոնք թույլ կտան հնարավորինս կարճ ժամկետներում լուծել բնակարանի կարիք ունեցող մանկատան շրջանավարտների խնդիրը»,- ասել է նախարարը:
Ելույթի ավարտին նախարարը մեկ անգամ ևս կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ այն այսօր հնարավորություն է ընձեռում հանդիպմանը ներկա գտնվող մանկատան շրջանավարտներին իրենց առաջին ինքնուրույն քայլերն անել կյանքում և իրենց հաստատուն տեղը գտնել հասարակությունում:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում 16-23 տարեկան ծնողազուրկ երեխաների համար կազմակերպվում են փոքր բիզնեսի ստեղծման, լեզվի և համակարգչային ուսուցման դասընթացներ: Այնուհետև, լավագույն 20 շրջանավարտի կտրվի փոքր դրամաշնորհներ սեփական բիզնեսը սկսելու նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2015թ. մայիսի 1-ին, կավարտվի 2017թ. մայիսին:
Տեսանյութ՝