Կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտությամբ առաջին շրջանավարտները պատրաստ են աշխատելու

0
72

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի ունեցավ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի “կոլեկտիվ ներդրումային համակարգեր” մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների  հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար   Արտեմ  Ասատրյանի հետ:

“Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով լի ժամանակաշրջան ենք անցնում, իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր երիտասարդների ապագային, երկրի զարգացմանը: Ձեր մասնագիտացումն ուղղակիորեն կապված է կոլեկտիվ ներդրումային համակարգերի հետ և այսօր կցանկանայի լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, նաև՝ մտահոգությունները մեր կողմից իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ”,-նշեց նախարարը:

Պարոն Ասատրյանը ներկայացրեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, օրենսդրական դաշտի, տեղեկատվական համակարգերի արդիականացման, հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքները, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակություն:

Երիտասարդների հարցերը  հիմնականում վերաբերում էին կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իրենց մասնագիտական կարողություններն օգտագործելու հնարավորություններին, երկրի ապագային:

Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը հետաքրքիր էր, անբռնազբոս, երիտասարդները հնարավորություն ունեցան նախարարին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, համատեղ քննարկել իրենց մտահոգությունները, առաջարկությունները, ներկայացնել տեսակետներ: Մասնագիտական բավարար մակարդակի առկայությունը, քննարկման թեմայի հետաքրքիր լինելը, անկաշկանդ մթնոլորտը նպաստեցին խնդիրների առարկայական, արդյունավետ քննարկմանը: Նախարարի հարցին, թե սոցիալական պաշտպանության ոլորտի որ հատվածներում են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը՝ մասնակիցները նշեցին ֆինանսական, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների, իրազեկման ոլորտները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, պարոն Ասատրյանը նշեց,-“Դուք կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտացմամբ առաջին շրջանավարտներն եք,  և ես ուրախ եմ, որ արդեն ունենք արդիական կրթությամբ  մասնագետներ, որոնք ցանկանում են աշխատել սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք ձեր կարիքն իրոք ունենք, և ես պատրաստ եմ աջակցել ձեզ՝  դժվարին և պատասխանատու ոլորտում աշխատելու, ձեր մասնագիտական հմտություններն օգտագործելու, մեր երկրի ապագան համատեղ կերտելու  գործում”: