“Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ” թեմայով համաժողով

0
207

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ “Մարիոթ” հյուրանոցի “Արարատ” սրահում կազմակերպվել էր “Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ” թեմայով համաժողովը:

Համաժողովի  աշխատանքներին մասնակցում էինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը,      ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար տիկին Ք. Հիլիարդը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Հ. Արենսը, ՀՀ կառավարության, նախարարությունների, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց,- “Մենք խնդիր ունեինք համակարգելու բոլորիս գործողությունները, ջանքերը, միջոցները, որպեսզի դրանք ուղղենք այն նպատակների իրականացմանը, որը մենք ձևակերպել ենք: Կարծում եմ, որ դա յուրաքանչյուր քաղաքացու, ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցումն է, որ յուրաքանչյուր երեխպ իրավունք ունի ապրել ընտանիքում և մեր բոլորի ջանքերը պետք է ուղղվեն հենց այդ  նպատակի իրականացմանը:  Այս առումով, համեմատվելով այլ երկրների հետ, զգում ենք, որ այստեղ  երեխաների խնդիրներն այդքան «սուր չեն», բայց, միևնույն է, ունենք հարցեր, որոնք պետք է լուծում ստանան: Դրանք բավականին մանրամասնորեն վեր են հանվել, առաջադրվել են լուծումներ, որոնցով պետք  է առաջնորդվենք: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները չպետք է անմիջապես հայտնվեն ինստիտուցիոնալ հաստատություններում: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային ծառայությունները, այն բոլոր ձևաչափերը, որոնք երեխաներին թույլ կտան ապրել ընտանիքում կամ ընտանիքին մոտ միջավայրում”:

“Մենք ուրախ ենք, որ օգնում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն այս ոլորտում: Մենք բարեփոխումներ ենք իրականացնում երեխաների խնամքի հաստատությունների մասով: Այսօր այստեղ ենք՝ քննարկելու ապագայի “ճանապարհային քարտեզը”, որպեսզի հաստատուն քայլերով հասնենք նրան, որ փակվեն կացարանային տիպի հաստատությունները և զարգացվեն այլընտրանքային ծառայությունները”,-ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը, իսկ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդն ավելացրեց,-“Տեսնում ենք մեծ կամք, բացի այդ` լուրջ համակարգում կա դոնորների միջև, և մենք հաջորդ 3-5 տարիների համար ունենք անհրաժեշտ ֆինանսավորում` բարեփոխումներ իրականացնելու համար: Ուրախ եմ հայտարարել, որ Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանն ընտրել է որպես հատուկ պետություն, որտեղ կյանքի դժվարինիրավիճակում հայտնված երեխաների համար իրականացվելու է նպատակային, հասցեական ծրագիր: Հայաստանն է ընտրվել, որովհետև եկել ենք այն համոզման, որ ի տարբերություն այլ պետությունների` այստեղ հաջողությունների հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Հայաստանին այդպիսի կարգավիճակ շնորհելը կօգնի կրկնապատկել այն միջոցները, որոնք ուղղվելու են նախարարությանը` ջանքերն իրականացնելու համար”:

Այնուհետև փորձագետ Վարդան Գևորգյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքները, պետական միասնական քաղաքականության շրջանակներում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցության, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալիզացման, այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ներկա վիճակը, նշեց իրականացվելիք քաղաքականության գերակա ուղղությունները: Դրանք են՝  բարեփոխումների գլխավոր նպատակն ու ուղղվածությունը պետք է լինի ոչ թե ունեցած միջոցների վերաբաշխումը սոցիալական տարբեր խմբերի միջև՝ ելնելով իրադրական նպատակահարմարությունից, այլ դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և երեխաների իրական կարիքների լիարժեք բավարարումը: Ծրագրերը պետք է կառուցվեն ոչ թե տվյալ պահին պետության համար հնարավոր մեխանիզմների,  այլ երեխայի համար առավետ ցանկալի և ժամանակակից նվաճումների վրա հիմնված սկզբունքների վրա՝ երեխայի համարժեք սոցիալականացման և հասարակությունում լիարժեք ներառման լավագույն մեխանիզմը եղել և մնում է ընտանիքը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ընտանեկանին առավել մոտ կենսապայմանները: Երրորդ գերակա ուղղությունը՝ ՀՀ-ում  երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի գլխավոր նպատակը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, իսկ իրականացվող քաղաքականության գլխավոր արդյունքը՝ երեխայի՝ ընտանիքում  ապրելու պայմանների ապահովումը:

Ներկայացմանը հաջորդեց շահագրգիռ քննարկում, որից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ամփոփեց համաժողովի արդյունքները՝ նշելով, -“Բոլոր խնդիրները պետք է դիտել ամբողջականության մեջ, համակարգել բոլոր մասնակիցների անելիքները: Պետական քաղաքականության, համագործակցության շրջանակներում բոլոր ռեսուրսները համատեղելը լավագույն ուղղությունն է”: