Դասընթաց

0
88

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մարտի 14-ին ՀՀ “Բժշկասոցիալական փորձաքննությանգործակալության” անձնակազմի և համապատասխան հանձնաժողովների աշխատակիցների համար կազմակերպվել էր “Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման” /ICF/ սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման աշխատանքներին նպաստող հերթական դասընթացը, որը վարում էր  միջազգային փորձագետ Ռունե Սիմեյոնսոնը: Նպատակը` հաշմանդամություն ունեցող անձի կյանքի, կենսակերպի կազմակերպման գործընթացում անմիջական մասնակցություն ունեցող անձանց տալ նոր, օգտակար և անհրաժեշտ տեղեկատվություն:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, ՄԱԿ-ի մանկականհիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Հ. Արենսը, նախարարության աշխատակիցներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեռևս 2010թ. Հայաստանը՝ վավերացնելով ՄԱԿ-ի 2006թ. “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” կոնվենցիան, պարտավորություն էր ստանձնել ոլորտում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին: Վերանայվեցին հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործող մեխանիզմները և անհրաժեշտություն առաջացավ ներդնել նոր համակարգ: 2014թ. հունվարի 9-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց “Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման” հայեցակարգն ու դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Նախկինում հաշմանդամ էին ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք: Նոր մոդելը հնարավորություն կտա բազմակողմանի գնահատել անձի կարիքներն ու կարողությունները և մատուցել համապատասխան ծառայություններ` նպաստելով նրա լիարժեք սոցիալական ներառմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները կարելի է անվանել պատմական` իրենց շրջադարձային և սկզբունքային փոփոխություններով: “Ոլորտի քաղաքականությունը  մշակելիս  հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ` մատուցվող ծառայությունների որակ, մատչելի պայմաններ, վերաբերմունք: Նոր մոդելի ներդրումը հնարավորություն կտա ունենալ այնպիսի չափորոշիչներ, որոնք կապահովեն գործընթացի օբյեկտիվությունը և հարմարեցված կլինեն մեր ազգային արժեքներին: Այս պատասխանատու աշխատանքում ես կարևորում եմ յուրաքանչյուրիդ կարծիքն ու անհատական ներդրումը”,- իր խոսքում ընդգծեց նախարարի տեղակալը:

Լինելով “ICF” և “ICF-CY” ձեռնարկների համահեղինակ` պարոն Սիմեյոնսոնը մասնակիցներին ներկայացրեց համակարգի ամբողջական գաղափարախոսությունը, համընդհանուր մոտեցումները, կոդերի շրջանակներն ու դասակարգումը: Ըստ նրա` մոդելի գաղափարի հիմքը մարդուն դասակարգելը չէ, այլ նրա միջոցով դասակարգվում են անձի հատկանիշները, որոնք կարող են փոխվել կյանքի ընթացքում: Այն ամբողջական պատկերացում է տալիս անձի մասին, կարողանում ես տեսնել հիվանդության խնդիրը, միջավայրը և կենսակերպի փոփոխությունը և վերլուծության արդյունքում մատուցել համապատասխան ծառայություններ:

Տիկին Հենրիետ Արենսի դիտարկմամբ էլ՝ հաշմանդամության սահմանման վերանայումն ու նոր մոտեցումները կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձի, մասնավորապես՝ երեխայի կյանքը լիարժեք դարձնելուն: Այն հնարավորություն կտա յուրաքանչյուր երեխայի դիտարկել առանձին և օգտագործել նրա ներուժը`  նպատակ ունենալով օգնել նրան կյանքի տարբեր փուլերում լինել հասարակության լիիրավ անդամ: