Մարտի 21-ին “Անի պլազա” հյուրանոցի “Դվին” սրահում “Հանրային ցանցը” կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում

0
79

Մարտի 21-ին “Անի պլազա” հյուրանոցի “Դվին” սրահում “Հանրային ցանցը” կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ “Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և քաղաքացիական մարտահրավերները” թեմայով: Նպատակը` մեկ անգամ ևս բարձրաձայնել կենսաթոշակային ոլորտը կարգավորող օրենսդրության վերաբերյալ ցանցի կողմից բացահայտված խնդիրները, ապահովել մասնագիտական երկխոսություն` օրենսդրության շուրջ ծագած հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարության պաշտոնատար անձինք, սոցիալական ապահովության պետական հիմնադրամի պետի առաջին տեղեկալ Ս. Սաիյանը, Կենտրոնական բանկի, արհմիությունների կոնֆեդերացիայի, “Հանրային ցանցի” անդամ և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` “Հանրային ցանցի” համակարգող, “Արազա” ԲՀԿ-ի նախագահ Թ. Աբրահամյանը նշեց. “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի ընդունումից հետո մենք բազմաթիվ առաջարկություններ ենք ներկայացրել պատկան մարմիններին: Հանրային ցանցի առանցքային գործառույթը հասարակության վերաբերմունքի արտահայտումն է այս կամ այն գործընթացի, իրավիճակի վերաբերյալ: Մեր հանդիպման գլխավոր նպատակն է անդրադառնալ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների խնդիրներին, ներկայացնել և ամփոփել տարբեր նախաձեռնող խմբերի կողմից բարձրացված հարցադրումները”:

2009-2010թթ. “Արազա” ԲՀԿ-ն իրականացրել է տարբեր օրենքների նախագծերի հանրային փորձաքննություն, ինչպես նաև հանրային քննարկումներ պետական կառույցների հետ՝ ՀՀ մարզերում և Երևանում: Հավաքագրված հիմնահարցերի և առաջարկների մեկնաբանման համար հրավիրված բանախոսները հանդես եկան զեկույցներով, մասնակիցներին ներկայացրեցին իրենց դիտարկումները, տվեցին պարզաբանումներ և մեկնաբանություններ:

ՀՀ ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը պատասխանեց նախապես ներկայացված, ոչ միայն “Հանրային ցանցի” կողմից բարձրաձայնված, այլև “Դեմ եմ” շարժման հարցադրումներին: Նա ամբողջական և մանրամասնորեն ներկայացրեց պետական կենսաթոշակային համակարգը` նշելով, որ ոլորտին վերաբերող որոշումներն ընդունվել են հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ գործոններ:

“Կենսաթոշակային բարեփոխումները ժողովրդագրական հնարավոր զարգացումների համատեքստում” զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյանը: Պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա արված կանխատեսումները ներկայացնելով` բանախոսն ընդգծեց ժողովրդագրական բաղադրիչի կարևորությունը կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում: Աշխատունակ տարիքի բնակչության աստիճանական նվազման, տարեցների թվաքանակի աճի, ժողովրդագրական ծանրաբեռնվածության ավելացման հետևանքով Հայաստանում վերջին երկու տասնամյակում օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով բնակչության աճը պայմանավորող հիմնական ցուցանիշները վատացել են: Առաջիկա 30-50 տարիների կտրվածքով ներկայացվեց երեք հնարավոր իրավիճակ, որոնց դեպքում ժողովրդագրության իրավիճակը այս կամ այն կերպ կբարելավվի:

Քննարկման ընթացքում հնչած հարցադրումները, առաջարկություններն ու դիտարկումները ամփոփ տեսքով կներկայացվեն պատկան մարմիններին: