ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:
Մանկապարտեզի տարածքի համար Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը: