ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փետրվարի 22-ին «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:
Ողջունելով ներկա գործընկերներին՝ փոխնախարարը մասնակիցներին հորդորել է լինել առավել գործնական ու կառուցողական, քանզի ներկայացված փաստաթուղթը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում և այնտեղ ներառված աշխատանքային հարաբերությունների բոլոր կարգավորումները շահավետ պետք է լինեն հավասարապես և աշխատողի, և գործատուի համար:
Արայիկ Պետրոսյանի հավաստմամբ՝ օրենսդրությունը դինամիկ պրոցես է, որը անմիջականորեն կապված է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային պարտավորությունների և իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրների հետ: «2017թ. իրականացվող փոփոխություններով ևս փորձում ենք լուծել ի հայտ եկած խնդիրները»,-նշել է փոխնախարարը:
Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմամբ: Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման որոշակի խթանների և առանձնահատկությունների սահմանումը: Նա ներկայացրել է նաև նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները, որոնք հստակեցնելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն դրույթները, որոնք իրավակիրառական պրակտիկայում տարընկալման տեղիք են տալիս, ինչպես նաև որոշ կարգավորումներ համապատասխանեցնելու միջազգային իրավունքի նորմերին (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա և ԱՄԿ կոնվենցիաներ:
Մասնավորապես, ամրագրվելու է աշխատանքի ազատ ընտրության սկզբունքը, սահմանվելու է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների շրջանակն ու աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, հստակեցվելու է օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը և աշխատանքային պայմանագրի հետ կապված խնդիրները:
Քննարկման մասնակիցները նախագծով առաջարկվող փոփոխություների վերաբերյալ հնչեցրել են բազմաթիվ դիտարկումներ ու մեկնաբանություններ, ինչպես նաև հանդես են եկել նոր առաջարկություններով:
Ամփոփելով քննարկումը՝ պարոն Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ու գործնական աշխատանքի համար և նշել, որ սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր մարմինը հակված է ստեղծելու այնպիսի փաստաթուղթ, որը միմիայն նպաստելու է գործատու-աշխատող հարաբերությունների կայացմանն ու փոխադարձ հարգանքի ու վստահության ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին մասնակիցներին առաջարկվել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել իրենց առաջարկությունների ու դիտարկումների ամբողջական փաթեթը՝ ամփոփելու և նախագծում ներառելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: