ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա մշակված հաշմանդամության սահմանման նոր մոդելի հետ կապված հարցեր և ներկայացվել առաջարկություններ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմին համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխան վերափոխելու հարցում առաջընթաց արձանագրելու, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում օժանդակություն ցուցաբերելու համար:
Արտեմ Ասատրյանը նույնպես կարևորել է արդեն 3 տարի համատեղ իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն իսկապես լրջագույն ռեֆորմ է համակարգում:
«Շատ կարևոր է նոր մոդելի գաղափարախոսությունը, երբ մենք անցում ենք կատարում հաշմանդամության սահմանման սոցիալական մոդելի, որտեղ առաջնային է դառնում ոչ միայն անձի առողջական վիճակը այլ նաև մի շարք միջավայրային գործոններ:
Այն որդեգրած սկզբունքը, որ հիվանդությունը պետք է տարանջատվի հաշմանդամություն ունենալուց, լիովին համապատասխանում է նոր ներդրվող մոդելի տրամաբանությանը»,-ընդգծել է նախարարը:
Հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաև Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դրանց ընթացքին, և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքին, որը ներկայումս ուղարկվել է Ազգային ժողով երկրորդ ընթերցման համար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ Դմիտրի Մարիյասին իր հերթին ողջունել է կատարված համատեղ աշխատանքը և պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով շարունակել աջակցությունը 2017 թվականին: Պարոն Մարիյասին ընդգծել է, որ համագործակցությունը ծրագրի շուրջ համալիր է և բազմաբովանդակ, քանի որ գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ: Նա նաև վստահություն է հայտնել, որ հաշմանդամության գնահատման նոր համակարգը թույլ կտա ապահովել քաղաքացիների լիարժեք մասնակցությունը և բարելավել սոցիալական ծառայությունների որակը, որը լիովին համապատասխանում է վերջերս ՀՀ վարչապետի կողմից հայտարարաված ամբիցիոզ բարեփոխումների օրակարգի ուղղություներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հետագա համագործակցության ձևաչափն ու ծրագրի փորձագետների կողմից մշակված նոր առաջարկությունները: