ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 8-ին հանդիպել է կոնսորցիումի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը նախարարին ներկայացրել է Ծրագրի հիմնական ուղղություններն և թիրախային ընտրված ոլորտները: Կարեն Զադոյանի խոսքով` ծրագրի իրականացման համար սոցիալական ոլորտի ընդգրկումը շատ առանցքային է և համագործակցության դեպքում կուսումնասիրվեն ոլորտի խնդիրները, կառաջարկվեն համապատասխան լուծումներ, կմշակվեն հայեցակարգեր և միջոցառումների ծրագիր: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը քաղաքականությունների մշակման վրա:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է Ծրագրի առաքելությունը և նշել, որ այն ամբողջովին համապատասխանում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: «Վերջին տարիներին մեր կողմից իրականացվող գործընթացների տրամաբանությունը հենց այս ուղղությամբ է առաջ շարժվում: Արդեն իսկ ձևավորել ենք ենթակառուցվածքներ և ակտիվ աշխատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հիմնական խնդիրներից մեկը հասարակության իրազեկվածության բարձրացումն է իրավունքի իրացման տեսանկյունից:
Այնուհետև նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցության և իրականացվող ծրագրի շրջանակներում փորձագետների աջակցությամբ մշակել 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 2017-2018թթ. միջոցառումները:
Հանդիպմանը ներկա փոխնախարար Սոնա Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախարարությունն արդեն 2 տարի է ներդրել է մշտադիտարկման և գնահատման համակարգ և հատուկ մշակված մեթոդաբանությամբ վեր է հանում սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերի ռիսկային ցուցանիշները, շահառուների կարծիքնների ուսումնասիրության հիման վրա բարձրացնում է ծարգրերի հասցեականությունը և հույս հայտնել, որ Ծրագրի շրջանակներում համագործակցությունը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել համագործակցության ձևաչափն ու առաջիկայում սկսել աշխատանքային քննարկումները: