ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի N ՍԴՈ-3 որոշմամբ կասեցվել էր “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, մինչև վերջնական որոշում կայացնելը, իսկ 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշմամբ ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել Օրենքի առանձին դրույթներ, որոնց ուժը կորցրած ճանաչվելու ժամկետը հետաձգել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
ՀՀ սահմանադրական դատարանի վերջնական որոշման առանձին դրույթներ տեղիք են տալիս տարընթերցումների և ոչ միանշանակ մեկնաբանությունների: Արդյունքում, խնդիրներ են առաջանում թե պետության, թե գործատուների, թե վարձու աշխատողների համար:
Խնդրի ժամանակավոր կարգավորման համար, նպատակ ունենալով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր ձևավորելը ապահովելը, “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի առանձին դրույթների միասնական կիրառումը և քաղաքացիների ու գործատուների իրավունքների պաշտպանության և կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունն ապահովելը, ս.թ մայիսի 30-ից ուժի մեջ մտավ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքը, որի համաձայն`
1) ուժը կորցրած է ճանաչվել Օրենքի 76-րդ հոդվածը.
2) պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (գործատուն և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի մոտ աշխատող` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողը) ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով (76-րդ հոդվածով) նախատեսված պատասխանատվությունից,
3) Ներդրվում է մեխանիզմ, որով գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում: Դիմումում նշվում են դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին, ինչպես նաև հետևյալ տվյալները.
ա) գործատուի անվանումը, դիմումատուի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
բ) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն).
գ) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
դ) դիմումատուի ստորագրությունը:
Դիմումատուի կողմից դիմումն առձեռն ներկայացվելու դեպքում գործատուի՝ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում:
4) պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար պետությունը կատարում է իրպարտավորությունը` անկախ մասնակցի կողմից կուտակային վճար կատարելու հանգամանքից (ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները Օրենքով սահմանված կարգովմասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում անկախ մասնակիցների համար (անունից) կուտակայինվճարները գործատուի կողմից հաշվարկելու և փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը և դիմում չներկայացրած անձանց մասով մարում է տվյալ ամսվա կուտակային վճարի պարտավորությունը):
“Կուտակային կենսաթոշակների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի` դիմումի հիման վրա գործատուի կողմից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու նորմի (3-րդ հոդված) գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած այն իրավահարաբերությունների վրա, երբ պարտադիր կուտակային վճարը չի փոխանցվել կամուրջ հաշիվ (պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ և 8.1-ին հոդվածներով սահմանված կարգով մարված չէ): Սա նշանակում է, որ եթե գործատուն վարձու աշխատողին վճարված եկամտից հաշվարկել և պահել է, սակայն կամուրջ հաշիվ չի փոխանցել կուտակային վճարը, վարձու աշխատողի` օրենքով սահմանված դիմումի հիման վրա պետք է վերահաշվարկ կատարի և վարձու աշխատողին վերադարձնի պահված կուտակային վճարի գումարը: Այն դեպքում, երբ կուտակային վճարը փոխանցվել է կամուրջ հաշվին, հարաբերությունները չեն կարգավորվում “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքով և վերահաշվարկի խնդիր չի առաջանում:
Այսպիսով, “Կուտակային կենսաթոշակների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքով հստակ կանոնակարգված են պարտադիր կուտակայինբաղադրիչի պարտադիր մասնակիցների` իրենց կամավոր ընտրությամբ պարտադիր կուտակային վճար չկատարելուն առնչվող իրավահարաբերությունները, քանի որ օրենքով սահմանված է և դիմում ներկայացնելու կարգը, և դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը: Դիմումին ներկայացվող լրացուցիչ պահանջներ չկան սահմանված և չեն սահմանվելու: “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի կիրարկման հետ կապված այլ իրավակարգավորումներ չկան: