Հունիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանականվեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերն անդրադարձան երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին ու հարցերին. միգրացիա, աղքատության մակարդակ, աշխատատեղերի ստեղծում, խտրականություն և իրավահավասարություն, ընտանեկան բռնություն, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում:
Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպայի Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը` պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, աշխատանքներն ու նախաձեռնությունները: Նա հավաստեց, որ վերը նշված խնդիրները համապատասխան օրենքների շրջանակներում ունեն իրենց իրավակարգավորումները:
Աղքատության մակարդակի նվազեցման և գործազրկության խնդիրները լուծելու նպատակով անցյալ տարի ընդունվել էր “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքը, որի նպատակն է ՀՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ուղղումն առավել ակտիվ ծրագրերի իրականցմանը: Նախկինում գործող գործազրկության նպաստի փոխարեն այժմ գործում են բազմաթիվ ակտիվ ծրագրեր. դասընթացներ, վերապատարաստումներ, աշխատաշուկայում գործատուի կողմից երիտասարդների ներգրավում, այլ վայր աշխատանքի գործուղում /որոնց ծախսերը հոգում է պետությունը/, հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր մոտեցումներ /քվոտաներ, աշխատանքի հարմարեցված պայմաններ/, որոնք կգործեն 2016 թվականից:
Երկրում գործում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, որի միջոցով գնահատվում է ընտանիքի անապահովության մակարդակը և տրամադրվում համապատասխան դրամական միջոցներ: Շուրջ 105000 ընտանիք օգտվում է այդ համակարգից:
ՀՀ կառավարության 2014թ. ծրագրով նախատեսված է ժողովրդագրության ազգային ծրագրի մշակումը, որի հիմնական նպատակներից մեկը նաև արտագաղթի կանխարգելումն է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ իրականացվում է ծրագիր, որի միջոցով արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն օգտագործել աշխատանք գտնելով հայրենիքում:
Ինչ վերաբերում է սիրիահայերի զբաղվածության խնդիրներին, ապա նրանք ընդգրկված են զբաղվածության բազմաթիվ ծրագրերում, Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ ընդունվել են աշխատանքի, կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակվել են կենսաթոշակներ և նպաստներ:
Խտրականության և իրավահավասարության խնդիրներն էլ կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի, “Զբաղվածության մասին”, “Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքներով, ինչպես նաև “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագծի դրույթներով:
Մշակվել է “Սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ “կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց” ցանկում ընդգրկվել են նաև ընտանեկան բռնության զոհերը և համապատասխանաբար սահմանվել են նրանց աջակցության հետ կապված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: