Հունիսի 30-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ “Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները և զարգացման միտումները” խորագրով առաջին գիտաժողովը, որը նախաձեռնել էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշումն ու մասնագիտական կրթությունը չեն կրում համակարգված բնույթ, և ոլորտի բարեփոխումներն ու հիմնախնդիրները գիտական հարթակում դիտարկելու և նրանց համարժեք լուծումներ տալու անհրաժեշտությունը ակնհայտ էր դառնում:
Գիտաժողովի հեռագնա նպատակն է ընդլայնել հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման ոլորտի գիտահետազոտական հնարավորությունները, ուսումնասիրել զարգացման հեռանկարները քաղաքականության համատեքստում, ինչպես նաև գլխավոր նիստի և առանձին կլոր սեղանների քննարկումների ու վերլուծությունների ընթացքում վերհանած խնդիրներն ու առաջարկությունները հաշվի առնել ՀՀ Կարիերայի ուղղորդման 2015-2020թթ. ռազմավարության մշակման գործընթացում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՍՀ նախարար Արտեմ Ասատրյանը, որտեղ նշվեց. “Կարիերայի ուղղորդումը լուրջ խնդիր է ոչ միայն դպրոցականների, այլև մասնագիտություն ընտրած անձանց համար, քանի որ քաղաքացին իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք չի գտնում: Դա մենք կոչում ենք կառուցվածքային գործազրկություն, երբ կան թափուր աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ կամ հակառակը: Մենք արդեն իրականացնում ենք փորձնական ծրագրեր, կարիերային վերաբերող դասընթացներ, ուսուցիչներն արդեն անցնում են վերապատրաստումներ: Զբաղվածության ծառայության մեր մարմիններում ևս ներդրվում է կարիերայի ուղղորդման մեխանիզմը: Ներկայումս մարզերում մեծ է ուսուցիչների և բժիշկների պահանջարկը, իսկ Երևանում կա տեխնիկական մասնագետների կարիք: Այդ նպատակով էլ միջին մասնագիտական կրթությունն այս տարվանից ֆինանսավորվելու է պետության կողմից, որպեսզի աշխատաշուկայում փակենք միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների բացը”:
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն էլ ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, պարզաբանեց “մասնագիտական կողմնորոշու՞մ”, թե “կարիերայի ուղղորդու՞մ” արտահայտությունների բովանդակային առանձնահատկությունները, խոսեց ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Նա մեկնաբանեց, որ Հայաստանում երբևէ չի եղել մասնագիտական կողմնորոշման համակարգ և այսօր աշխատաշուկայի պահանջարկներից ելնելով կարիք է առաջանում մտածել այս խնդրի վերաբերյալ: Հանրակրթական դպրոցներում կարիերայի ուղղորդում անցկացնելու համար պետք է մշակվի մեթոդական այն հիմքը, որն ընդունելի կլինի բոլորի համար:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը խոսեց այն մասին, թե ինչպե՞ս է Հիմնադրամի մոտ ծագել մասնագիտական կողմնորոշման ծրագիր իրականացնելու գաղափարը, նկարագրեց մեկ տարի ու վեց ամիս տևողությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում կազմակերպված ծրագրի նպատակներն ու նվաճումները, ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի մոդելը, մատնանշեց ծրագրի հաջողության բանաձևն ու կարևորեց նախաձեռնության շարունակականության ապահովումը:
Իր ելույթում “Սեյվ դե Չիլդրեն”-ի LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեց ներառական կրթության կարևորության մասին, ինչպես նաև մանրամասն ներկայացրեց թե ինչպե՞ս են մասնագիտական կողմնորոշման միջոցով հատուկ կարիքներ ունեցող երեխաներն ու հաշմանդամություն ունեցող երիտասարդները հաղթահարում դժվարությունները, լավատեսորեն դիմավորում իրենց հանդիպող մարտահրավերները, ստանում մասնագիտական կրթություն ու խորհրդատվություն և կերտում սեփական հաջողությունը:
Գիտաժողովում քննարկվեցին նաև ռազմավարական հարցերն ու գիտական մոտեցումները, դիտարկվեցին ոլորտում դոնոր կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա զարգացման համար:
Գիտաժողովի ելույթների, զեկուցումների ու գիտական ներկայացումներին զուգահեռ կազմակերպվել էին նաև կլոր-սեղան մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում էլ կազմվելու է մեկ ամբողջական արձանագրություն և ներկայացվելու է մասնագիտական կողմնորոշման հարցերը կարգավորող մարմնին՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ոլորտի զարգացման միտումները Կառավարության օրակարգի առաջնահերթությունների շարքում ընդգրկելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցեց նաև “Սեյվ դե Չիլդրեն” կազմակերպությունը՝ ի դեմս ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” (LIFE) ծրագրի, իսկ ընդհանուր նախաձեռնությանը աջակցեց ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: