ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան ընդունեց, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին և ԱՄՆ ՄԶԳ երեխայի իրավունքների պաշտպանության գծով փորձագետ Նաթիա Փարցխալաձեին:
Ողջունելով և ամփոփելով նախորդ տարվա ընթացքում համատեղ կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքները՝ նախարարը հույս հայտնեց, որ 2015 թվականը կլինի գործնական քայլերի և նշանակալի արդյունքների տարի:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատությունների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի հիմնական նպատակը տվյալ հաստատությունների վերակազմակերպման հեռանկարներ գտնելն է, ինչի համար անհրաժեշտ աշխատանքներ պետք է տարվեն հաստատությունների բեռնաթափման ուղղությամբ, կարևորելով կանխարգելիչ այլընտրանքային ծառայությունների ստեղծումը, սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաև խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի դիրքորոշումը, այն է՝ կանխարգելիչ ծառայությունների համակարգի հզորացումը, նշեց, «Սա աստիճանական գործընթաց է, որի շրջանակներում համագործակցությունն ընդգրկում է նաև կրթության, առողջապահության, արդարդատության և տարածքային կառավարման նախարարությունները»:
Նախարարն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև դրված կարևոր նպատակներից մեկը երեխայի մուտքը հաստատություն կանխելն է: «Մեր գլխավոր նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, լավագույն ճանապարհը՝ դեինստիտուցիոնալացումը և այս առումով առաջարկում եմ խորքային ուսումնասիրություն իրականացնել նաև երեխայի՝ հաստատություն հայտնվելու իրական պատճառները պարզելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա իրավիճակի ճշգրիտ գնահատականի հիման վրա արդեն անհրաժեշտ քայլեր մշակել պատճառների վերացման ուղղությամբ»,-նշեց նախարարը, ավելացնելով, որ առաջիկայում նախարարությունը կանդրադառնա ուսումնասիրության մեջ տեղ գտած հարցերին, կվերանայվի նաև ճանապարհային քարտեզում տեղ գտած առաջարկություններն ու գործողությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև «ճանապարհային քարտեզը» վերջնական ձևավորելու մասին, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: