Տարեցները մասնակցել են Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին

0
88

Փետրվարի 25-ին «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ում կազմակերպվել էր Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումը:

Միջոցառման շրջանակներում կենտրոնի հաճախորդ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք   ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին այցելել են Եռաբլուր` Զորավար Անդրանիկի և մյուս հայ հերոսների գերեզմաններին: Տարեցները ծաղիկներ են դրել ականավոր հայորդիների շիրիմներին, ունկնդրել են օրվան նվիրված ելույթները, ակտիվ մասնակցել են կազմակերպված տոնակատարությանը և Եռաբլուրի եկեղեցում Տեր Տիրայր քահանայի կողմից իրականացված հոգեհանգստյան կարգին:

Այնուհետև տարեցները եղել են Զորավար Անդրանիկի թանգարանում և թանգարանի նորացված ցուցադրությունն ուսումնասիրելուց հետո ներկա են գտնվել տոնական միջոցառմանը՝ Ազատամարտի տարիներին գործող «Զորավար Անդրանիկ» ջոկատի ազատամարտիկների պարգևատրման արարողությանը, ունկնդրել են ասմունք և հայրենասիրական երգ և երաժշտություն:

Նույն օրը երեկոյան կազմակերպության հաճախորդները մասնակցել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպած տոնական միջոցառմանը:

15 տարի անընդմեջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է Զորավար Անդրանիկի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ: