Արտեմ Ասատրյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային

0
90

Հուլիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային: Հանդիպման նպատակն էր քննարկել համագործակցության շրջանակներում զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման ու արդյունավետ համագործակցության համար` պարոն Ասատրյանը ներկայացրեց ԱՄԿ-ի օժանդակությամբ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:

2014թ. հուլիսի 1-ին հանրապետությունում գործելու է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որը կարգավորվելու է Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքով:       Համակարգում ներկայացված են հանրային ծառայությունների բոլոր տեսակները, կիրառված են մի շարք գործիքներ, որոնց օգնությամբ կլուծվեն ոլորտում առկա բազմազան խնդիրները:

Զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում իրականացվում են փորձնական ծրագրերի մշակում և իրականացում, մեթոդական աջակցություն, ուսումնական մոդուլների մշակում: Վերջերս ընդունված “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքով առաջնությունը տրվում է ակտիվ ծրագրերի իրականացմանը: Կատարելագործվում է “Գործ” տեղեկատվական համակարգը` համալրվելով նոր էլեկտրոնային գործիքներով:

Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում` ներգրավելով միջազգային և տեղական փորձագետների ուսումնասիրություններն ու դիտարկումները, ինչպես նաև հիմք ընդունելով  ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած անհամապատասխանությունները: Նոր օրենքի նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:

Մանրամասն տեղեկանալով կատարված աշխատանքների մասին տիկին Դիմիտրովան նշեց. “Կարող եմ արձանագրել, որ իրականացված է հսկայածավալ աշխատանք, ունենք տեսանելի արդյունքներ: Կայուն համագործակցության արդյունքում կունենանք առավելը: Պատրաստ ենք այսուհետ ևս օժանդակել բոլոր նախաձեռնություններում, տրամադրել մեթոդական ու փորձագիտական խորհրդատվություն”:

“Սոցիալական պաշտպանության, մասնավորապես, զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները երկրի զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմքն են հանդիսանում: Պետք է լինել հետևողական և կայացնել ճիշտ որոշումներ: Կարևորում եմ մեր արդյունավետ համագործակցությունը և մաղթում նոր հաջողություններ”,-ընդգծեց պարոն Ասատրյանը:

Քննարկվեցին նաև սոցիալական գործընկերության զարգացման, սոցիալական քաղաքականության մշակման գործում նրա դերի ու նշանակության կարևորությունը, ձեռքբերվեցին նոր պայմանավորվածություններ: