Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերում

0
101

ՀՀ կառավարության հերթական նիստում հաստատվեց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների թիվ 3 և 4 ցուցակներըը, որոնք սահմանվել են “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի փոփոխության համաձայն: Արտոնյալության իրավունք տվող նոր ցուցակներում ընդգրկված պաշտոնները տրանսպորտի, ատոմային էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներից են:

Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքտվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը:

Երրորդ և չորրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի բանվորները, կապարաանագային համահալվածք լցնողները, խողովակ ծակոտող-ներփչողները, շարժակազմ նորոգող փականագործները, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը, շարժակազմ նորոգող փականագործները, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքները:

Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության ոլորտից արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեն այն բանվորները, մասնագետները և ղեկավարները, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքները:

Այն բանվորները, մասնագետները, ղեկավարները և գիտաշխատողները, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները:

Արտոնյալության իրավունք ունեն նաև այն բանվորներն ու ղեկավարները, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները /հատուկ կոշիկները/, հատուկ լվացքատների, սանթողարկիչների /ցնցուղարանների/ բանվորներն ու ղեկավարները, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթակտիվ աղտոտումները: