ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին:
Բարձր գնահատելով Համաշխարհային բանկի հետ նախորդ տարիների համագործակցությունը և ձեռքբերված արդյունքները՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը մշտապես գտնվել են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Նախապատրաստական մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել նոր ծրագրի մեկնարկը արդյունավետ և նպատակային ապահովելու համար: Ծրագրի իրականացման ողջ գործընթացը գտնվելու է խիստ վերահսկողության ներքո»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող նոր ծրագիրը ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը, այն ուղղված է լինելու երկրում ինտեգրված սոցիալական ծառայություններ համակարգի ամբողջական ներդրմանը, աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, կենսաթոշակային համակարգի արդիականացմանը և ոլորտի մոնիտորինգի և գնահատման համակարգի զարգացմանը:
Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկը վստահություն է հայտնել ծրագրի արագ և արդյունավետ իրականացման հետ կապված և նշել է, որ մայիս ամսին ակնկալվում է ևս մեկ այց, որի շրջանակներում իրենք առավել մանրամասն կքննարկեն իրականացված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև IBM-ի հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարման ուղղությամբ համագործակցությունը, ՏՏ ոլորտում իրականացվող աշխատանքները և դրանց հնարավոր կապը նոր ծրագրի հետ: