ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

0
142

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014 թվականի օգոստոսի 21-ի “Panorama.am” էլեկտրոնային թերթում հրապարակված Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ  Բախշյանի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հասցեագրած “Հետևո՞ւմ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը” վերտառությամբ բաց նամակի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում նախարարության աշխատակազմի վերլուծության և մոնիթորինգի վարչության աշխատակիցների կողմից իրականացվեց ուսումնասիրություն:

Բաց նամակում նշված “18 000 դրամ գործազրկության նպաստի վերացում” արտահայտության վերաբերյալ կարող ենք նշել, որ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերիամրագրման նպատակով մշակվել և 2013թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելէ “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Նոր մոդելի շրջանակներում նախատեսված է գործազրկության նպաստի վճարման ծրագիրը վերափոխել կարգավորման այնպիսի նոր գործիքներով, որոնք առավելապես պետք է ծառայեն աշխատաշուկայումգործազուրկների ակտիվացմանը` աշխատանք փնտրելու և հարմար աշխատանք գտնելու, առկա թափուրաշխատատեղերն արդյունավետ համալրելու գործընթացներում: Զբաղվածության պասիվքաղաքականությունից անցում է կատարվել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն, ակտիվքաղաքականության, որի արդյունքներն արդեն տեսանելի են դառնում և նախարարությունն առաջիկայում հանրությանը կտրամադրի համապարփակ և ամբողջական տեղեկատվություն զբաղվածության ոլորտում իրականացվող 13 ակտիվ ծրագրերի ընթացքի և նախնական արդյունքների մասին:

Հրապարակման մեջ նշված էր նաև. “Մասիսի բնակիչներից ստացված դիմումների համաձայն զբաղվածության տարածքային կենտրոնը տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, որը չի ծառայում իր նպատակին, ինչպես նաև նկատվել են կոռուպցիոն երևույթներ”:

Ուսումնասիրությամբ պարզվել է. Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնը տարածքի գործատուների, համացանցի, այլ լրատվամիջոցների միջոցով հավաքագրել և տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին ամբողջական տեղեկատվություն: Ընթացիկ տարում հավաքագրվել է 101 թափուր աշխատատեղ, որից ներկա պահին առկա է 31–ը:

Թափուր աշխատատեղերի վերաբերյալ բոլոր հայտերը Մասիսի ԶՏԿ-ում պարտադիր մուտքագրվել են “Գործ” համակարգ, ինչպես նաև հայտարարության տեսքով փակցվել ընդունարանի տեղեկատվական վահանակին և մշտապես թարմացվել: Մասիսի ԶՏԿ-ում ընթացիկ տարում աշխատանքի են տեղավորվել կենտրոնում հաշվառված 100 աշխատանք փնտրող, որոնցից 71-ը կենտրոնի աջակցությամբ, 10-ը`կենտրոնի կողմից իրականացված զբաղվածության ծրագրերի (մասնագիտական ուսուցում` 5, աշխատավարձի փոխհատուցում` 3, պրակտիկայի կազմակերպում` 2), իսկ 19-ը` ինքնուրույնաբար:

Նամակում նշված բազմաթիվ բնակիչների ահազանգին պատասխանելու նպատակով նախքան ուսումնասիրությունը սկսելը, տիկին Բախշյանից խնդրել էինք տրամադրել Մասիսի բնակիչների նամակը կամ նամակում առկա փաստերը: Պարզվեց, որ նրան դիմել է մեկ անձ՝ Մասիս քաղաքի բնակիչ Հայկ Խաչատրյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի հաղորդագրությամբ:

Իրականում Հայկ Խաչատրյանը հաշվառված է Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում և 2012թ. հունվարի 14–ից ունի գործազուրկի կարգավիճակ (աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտ N20051): Հաշվառված ժամանակահատվածում նա 9 անգամ կենտրոնի հրավերով և իր նախաձեռնությամբ այցելել է կենտրոն, ծանոթացել առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն` զբաղվածության օրենսդրության և ծրագրերի վերաբերյալ: Վերոնշյալ փաստը հիմնավորվում է նրա Մասիսի ԶՏԿ-ում առկա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի համապատասխան դաշտի գրառումներով, որոնց դիմաց առկա է քաղաքացու ստորագրությունները, ինչպես նաև մեր ուսումնասիրության ժամանակնրան հանդիպելով` իր հայտարարությամբ:

Յուրաքանչյուր այցելության ժամանակ նրան ներկայացվել է առկա բոլոր թափուր աշխատատեղերը և առաջարկվել է աշխատանք, սակայն նա կատարել է ընտրություն երկու դեպքում` 2014թ. հունվարի 22-ին հացթուխ “Էդհովա” ՍՊԸ–ում և 2014թ. մարտի 3-ին հացթուխ Նոր Խարբերդի հացի արտադրամասում, որը փաստվում է հաշվառման քարտում կատարված գրառումներով և չէր ժխտվում նաև քաղաքացու կողմից: Երկու դեպքում էլ նա ներկայացել է գործատուներին, իր աշխատանքային կարողությունները ներկայացնելու համար մեկ օր փորձնական աշխատել, գործատուն պատրաստակամություն է հայտնել նրան աշխատանքի  ընդունելու, սակայն Հ. Խաչատրյանը ինքն է հրաժարվել աշխատանքից:

2014թ. օգոստոսի 22-ին Հ. Խաչատրյանը նախարարության աշխատակիցների հրավերով ներկայացել է կենտրոն և տեղեկացվել աշխատանքի նոր առաջարկ ստանալու վերաբերյալ: Հանդիպման ժամանակ պարզվել է, որ նա տեղյակ չի եղել, որ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մշտապես առկա է Մասիսի ՀՍԾՏԿ-ի ընդունարանում` տեսանելի վայրում ամրացված տեղեկատվական վահանակի վրա: Առկա թափուր աշխատատեղերից քաղաքացին ընտրել է “Մասիս Տաբակ” ընկերությունում առաջարկվող աշխատանքը, սակայն պարզաբանել, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ աշխատելու, քանի որ որոշ ժամանակ աշխատել է և ինչ-ինչ պատճառներով իր դիմումի համաձայն ազատվել:

Նշենք նաև, որ Հայկ Խաչատրյանի ընտանիքը, որը բաղկացած է փաստացի բնակվող իրենից, քրոջից և ընտանիքի որպես բացակա անդամ եղբորից հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և ընդգրկված է նպաստառու ընտանիքների ցուցակում` անապահովության 30.28 միավորով և ստանում է ընտանեկան նպաստ 16000 դրամ գումարի չափով: Ընտանիքի համար 2014թ. օգոստոսի 22-ին լրացվել է ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագիր, ինչպես նաև առանձին Հայկ Խաչատրյանի համար կազմվել է անհատական սոցիալական ծրագիր, սակայն Հ.Խաչատրյանը թույլ չի տալիս իր փաստացի բնակության վայրում կատարել սոցիալական դեպք վարողի տնային այցելություն:

Քաղաքացու խնդրի մանրամասն ներկայացումը ինքնանպատակ չէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած յուրաքանչյուր քաղաքացու խնդիր ուսումնասիրվում է հանգամանորեն և օրենքի ու նախարարության իրավասության շրջանակներում ստանում իր լուծումը:

 Միաժամանակ, Հ. Խաչատրյանին հանդիպման ընթացքում խնդրեցինք տրամադրել իր կողմից տիկինԲախշյանին հայտնած “կոռուպցիոն երևույթների” մասին տեղեկատվություն, սակայն նա նման փաստեր չուներ:

Ուստի, նամակում նշված “կոռուպցիոն երևույթների” առկայությունը չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հետամուտ է նմանատիպ երևույթների վերացմանը: Հավատացնում ենք, որ նման երևույթ փաստերով ներկայացնելու դեպքում կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժին