Պետությունը պատրաստակամ է աջակցել անհայտ կորածների ընտանիքներին

0
71

Հանրապետությունում սկսվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտման գործընթացը, որն իրականացվում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ:

Օգոստոսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նախարարության խորհրդակցությունների դահլիճում ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների ընտանիքներին: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ ծանոթանալ խնդիրներին և հնարավորության դեպքում աջակցել:

Մասնակիցներին առավել անհանգստացնում էին հանգստի կազմակերպման, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի թանկացման, գործազրկության հետ կապված խնդիրները:

“Հավատացնում եմ, որ մեր գերատեսչությունը պատրաստակամ է ուժերի ներածին չափով օգնել Ձեզ: Թեև ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորություն չունենք, սակայն պատրաստ ենք կարիքավորներին ցուցաբերել հումանիտար օգնություն: Իհարկե, աջակցության լավագույն միջոցը աշխատատեղի ապահովումն է: Կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ և համոզված եղեք, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կապահովվեք աշխատանքով”,- հավաստեց իր խոսքում տիկին Բաղդասարյանը:

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած են համարվում ավելի քան 200 մարդ: