Ապրիլի 27-ին կայացել է «Զբաղվածության ոլորտում ծրագրերի մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը, մեթոդաբանությունը և այդ ծրագրերի ժողովրդագրական ազդեցությունը» թեմայով սեմինար, որին մասնակցում էին նախարարի տեղակալները, զբաղվածության ոլորտի պատասխանատուները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը կարևորելով միջոցառումը՝ նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներին նախարարության կողմից ներդրված մշտադիտարկման և գնահատման համակարգի ներկայացումն է, նաև նշել, որ քննարկումը կազմակերպվելու է 4 հիմնական ուղղություներով:
«Առաջին ուղղությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի մշակումն է, որը ներկայացվել է հանրապետության նախագահին: Արդեն հուլիս ամսին մենք կունենանք ծրագիրը համապարփակ և վերջնական տեսքով»,-ասել է նախարարի տեղակալը: Ընդգծելով ժողովրդագրության հիմնական ցուցանիշները՝ բնական աճը, որը պայմանավորված է ծնունդների և մահացությունների հարաբերակցությամբ և մեխանիկական աճը՝ մեկնողների և եկողների տարբերությամբ, Սոնա Հարությունյանը ընդգծել է, որ կան լուրջ խնդիրներ հատկապես մեխանիկական աճի բացասական սալդոյի տեսակետից, այսինքն կա բարձր աշխատանքային միգրացիա, որը բացասաբար է ազդում բնակչության թվաքանակի վրա: «Այս տեսանկյունից իհարկե կարևորվում է տնտեսության դերը, բայց զբաղվածության պետական ծրագրերի նշանակությունը այս համատեքստում չափազանց էական է: Մեր հիմնական շեշտադրումը՝ որակյալ աշխատուժը երկրում պահելու հետ կապված, լինելու է հենց այս համատեքստում և զբաղվածության ոլորտի պատասխանատուների դերակատարումը մեծ է լինելու այս խնդրի լուծման գործում»:
Հաջորդ ուղղությունը, նախարարի տեղակալի խոսքով, կայուն զարգացման 17 նպատակներն են, որը մեր երկիրը վավերացրել է: Այդ նպատակների մեծ մասի իրականացումը հիմնականում կապված են զբաղվածության ոլորտի ծրագրերի, ոլորտի կարգավորման և աշխատաշուկայի կանոնավորման հետ: Այս ուղղության մեջ ևս զբաղվածության ոլորտի պատասխանատուները շատ անելիքներ ունեն:
Զբաղվածության ոլորտին առնչվող մյուս ուղղությունը վերաբերում էր ՀՀ կառավարության ձեռնարկած գործունեությանը՝ կապված աշխատատեղերի ստեղծման, ներդրումների դաշտի ապահովման և ընդլայնման, համայնքների զարգացման հետ:
Վերջին ուղղությունը սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մշտադիտարկման և գնահատման համակարգն է, իր նոր մշակված գործիքակազմով: «Այն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ձևավորված համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, հասցեականությունը»,-նշել է Սոնա Հարությունյանը:
Նախարարի տեղակալը ծրագրերի իրականացման գործում կարևորել է նաև համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:
Իր հերթին նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանն անդրադարձել է Զբաղվածության բնագավառում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես բիզնես մոդելով պետական կառույց ունենալու գաղափարին, այդ ճանապարհին կարևորելով աշխատաշուկան որակյալ մասնագետներով ապահովելու հարցը: «Մենք պետք է վերապրոֆիլավորենք մեր կարիքները և հասկանանք, ինչ մասնագետներ ենք հաջորդ տարի աշխատաշուկային տալու»,- նշել է նախարարի տեղակալը:
Զբաղվածության ծրագրերին անդրադառնալով՝ Աշոտ Մարգարյանը նշել է, որ թեև ծրագրերի թիվը նվազել է, սակայն արդյունքում բարձրացել է ծրագրերի ծախսարդյունավետությունը, մեծացել է ծրագրերի ընդլայնման հնարավորությունը, բայց արդեն նոր կայուն որակական հենքի վրա:
«Կառաջարկվի ևս մեկ նոր ծրագիր, որը ոչ մի բյուջետային միջոց չի նախատեսում և դրանով իսկ ծախսարդյունավետ է: Խոսքը ԲՈՒՀ-ն ավարտած շրջանավարտների՝ պետական կառավարման համակարգերում երեքամսյա պրակտիկայի կազմակերպման մասին է, որը հնարավորություն կտա շրջանավարտներին ներսից ծանոթանալ համակարգին և հասկանալ, թե արդյոք երկարաժամկետ հեռանկարում պետական այս կամ այն կառույցում իրենց պատկերացնում են, թե ոչ»,- ասել է նախարարի տեղակալը:
Ըստ տեղակալի, այս ծրագիրը հնարավորություն կտա հստակ կողմնորոշվել հետագայում պետական կառույցում աշխատանքի ընտրության մեջ: Նա շեշտել է, որ այս նպատակով համագործակցություն կա քաղծառայության խորհրդի հետ, որը եռամսյա պրակտիկա անցած երիտասարդներին հնարավորություն կտա հեշտացված կարգով քաղծառայության քննություն հանձնել և ստանալ հավաստագրեր: «Միաժամանակ, այս ծրագրով կլուծվի պետական համակարգի երիտասարդացման խնդիրը և երիտասարդ կադրերի արտահոսք չի լինի այլ երկրներ»,- ամփոփելով՝ նշել է Աշոտ Մարգարյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև մշտադիտարկման և գնահատման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերը, Ժողովրդագրական իրավիճակի վրա սոցիալ-տնտեսական մակրոցուցանիշների ազդեցության վերլուծությունը, Զբաղվածության ոլորտում 2016թ. իրականացված մշտադիտարկման ամփոփ արդյունքները: