Ամենակարևորը՝ մտածելակերպի փոփոխությունն է. Ա. Ասատրյան Նախարարի ելույթը՝ Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարին նվիրված համաժողովում

0
101

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը» հաջողված ծրագիր է. այսօր` ապրիլի 26-ին, «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքար»  ծրագրի ամփոփիչ համաժողովի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Իր ելույթում նախարարը մասնավորապես նշել է.

«Ողջունում  եմ և շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր գործընկերներին, ովքեր աջակցել են այս հրաշալի ծրագրի իրականացմանը: ՀՀ կառավարությունը,  ժողովրդագրական խնդիրներով պայմանավորված, 2009թ.  մշակել է  Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ռազմավարություն   և դրանից հետո յուրաքանչյուր տարի մենք մեր տարեկան ծրագրերում փորձել ենք իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի հնարավորինս բարելավենք ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում:

Ժողովրդագրական իրավիճակի վրա ազդեցությունը բազմակողմանի է՝ ծնելիության, մահացության, վերարտադրողական առողջության և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված, բայց ամենակարևորը՝ դա մտածելակերպի մոտեցման հետ կապված փոփոխություններն են, որոնք իսկապես շատ մեծ  ջանքեր են պահանջում:

Ծրագրի ամենամեծ առավելությունն այն է, որ  հնարավոր է եղել միավորել բոլորի ջանքերը՝ պետական և  տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և,  իհարկե, քաղաքացիների, ովքեր ներգրաված են եղել այս ծրագրում և իրենց փորձով որոշակի ազդեցություն ունեցել մտածելակերպի փոփոխության վրա և փոխել այն մոտեցումները, որոնք իրականում խնդրահարույց են և վտանգավոր:

Մեր բոլոր  վերլուծություններն ու ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ  խնդիրների լուծման հարցում մենք շատ ավելի դժվարին իրավիճակների առջև ենք կանգնում: Այս առումով կարծում եմ, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝  ընդամենը  2-3 տարիների ընթացքում, ձեռք բերումները, որոնք  ցուցանիշներով են արտահայտվում,   շատ կարևոր են ու շատ էական:  Սա նշանակում է, որ շատ առարկայական գործողությունների միջոցով հնարավոր է փոխել իրավիճակը, մոտեցումներն ու մտածելակերպը, հետևաբար մեր աշխատանքը պետք է  շարունակական լինի, ընդլայնվի: Մենք պետք է փորձենք առավելագույնին հասնել մեր բոլորի ջանքերի միավորման շնորհիվ:

Վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ են տարվել  Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ուղղությամբ,  և այդ ծրագիրը թույլ կտա բոլոր հնարավոր ուղղություններով իրականացնել միջոցառումներ՝ ապահովելով երկրի ժողովրդագրական իրավիճակը հատկապես, երբ այսօր մենք ունենք ծերացող հասարակություն:

Մեկ անգամ ևս կարևորելով «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի արդյունքները՝ շնորհակալություն  եմ հայտնում կազմակերպիչներին, անմիջական աշխատանքը կատարողներին և բոլոր այն գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել այս ծրագրի իրականացման գործում: Հաջողություններ ձեր բոլոր աշխատանքներում»: