Ապրիլից Հայաստանում կմեկնարկի Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց այլընտրանքային ծառայությունների տրամադրման ծրագիրը: Այն պիլոտային է, մեկ տարի տևողությամբ: «Բաց հասարակության հիմնադրամի» և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվելիք պիլոտային ծրագրի արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը մասնակիորեն կֆինանսավորվի պետական բյուջեից: Սկզբի համար նախատեսվում է Սպիտակ քաղաքում և Մուղնի գյուղում ստեղծել շուրջօրյա խնամքի 8 և 16 տեղանոց տներ:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ հանրապետությունում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց շուրջօյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը մեկ հաստատություն` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որը չի բավարարում առկա պահանջարկը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մի զգալի մասը այլևս ակտիվ բուժման կարիք չունի և ունի միայն խնամքի, և մասամբ էլ` հասարակության մեջ հարմարման, ինքնասպասարկման ունակությունների զարգացման և որոշ տարրական հմտություններ զարգացնելու կարիք, ինչը թույլ կտա նրանց ապրելու նաև առանց կողմնակի անձի օգնության: Այս վերջինը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր, դուրս գրվելով հիվանդանոցից կարող են վարել ինքնուրույն կյանք, սակայն բոլոր սոցիալական կապերը խզված են, կամ ընտանիքը հրաժարվում է նրանց ընդունելուց:
«Գնահատումն արդեն արվել է հիմնադրամի ու մեր մասնագետների կողմից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեջ կան մարդիկ, ովքեր բավականին պահպանված ինտելեկտ ու ինքնուրույնություն ունեն, ուղղակի նրանք տուն կամ ընտանիք չունեն, որ վերադառնան կամ ընտանիքներում հրաժարվում են նրանց ընդունել: Այս մարդկանց մենք ուզում ենք բերել ընտանեկան մթնոլորտ»,-ասաց Անահիտ Գևորգյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Վարդենիսի տուն-ինտերնատում 450 մարդ է ապրում, նրանցից 60-70-ը կարող են տեղափոխվել և ապրել նման փոքր տներում:«Նույնը Խարբերդի մանկատան սաների դեպքում: Այստեղ էլ կան 10-15 երեխա, ովքեր կարող են նման տներում ապրել: Սևանի հոգեբուժարանից էլ մոտ քսան մարդ կարող է դուրս գալ այնտեղից»,-ասաց բաժնի պետը:
Համայնքային տներում սոցիալական աշխատողը կսովորեցնի որոշակի հմտություններ, որպեսզի նրանք կարողանան իրենց հոգսերը հոգալ՝ գնումներ կատարել, կենդանիներ պահել, այգի մշակել և այլն:Հոգեկան հիվանդություններից հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 21000, որը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդհանուր թվի /46000/ ավելի քան 45 տոկոսն է:
Ա. Գևորգյանը նշում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ոչ բոլոր մարդիկ են հաշվառված:
2010թ. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում(այսուհետ` Կոնվենցիա) ամրագրված է, որ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել համայնքում` որպես հավասար քաղաքացիներ: Կոնվենցիային մասնակից պետությունները պարտավորվել են ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը և իրենց հետ բնակվողներին, ստանալ տարատեսակ համայնքային օժանդակության ծառայություններ:
«Բացի շուրջօրյա տներից մենք նախատեսում ենք ունենալ նաև ցերեկային տներ: Այս դեպքում պետք է ընտանիքի հետ աշխատանք տարվի, բացատրվի, որ գիտե՞ք, ձեր հիվանդն այդքան վատ վիճակում չի, կարող է ապրել տանը, եթե մենք կողքից աջակցենք, կարող է գալ ցերեկային կենտրոն կամ գտնվել շուրջօրյա խնամքի տանը, բայց դուք կապը մի կտրեք նրա հետ»,-նշեց Ա. Գևորգյանը:
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական գնահատմանը, ապա Գևորգյանի հաշվարկով, մեկ տարվա համար Սպիտակի և Մուղնիի տների պահպանման համար կպահանջվի 47 մլն դրամ. «Ծախսի մեջ մտնում է աշխատավարձ, սնունդ, կոմունալ ծախսերը: Հաշվարկում ներառված չեն տների վերանորոգման և կահավորման համար անհրաժեշտ ծախսերը»:
Ծրագի համաձայն, Մուղնու առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 180,9 քմ, ունի նաև բակ` 0,06հա մակերեսով, նկուղ` 70,6 քմ մակերեսով, որտեղ կարելի է կազմակերպել խնամվողների զբաղվածության ապահովման համար որևէ արտադրամաս: Տունն ունի 3 ննջասենյակ, որը կարելի է վերակառուցման միջոցով դարձնել` 4, մեկ ճաշասենյակ, մեկ խոհանոց` մեկ լվացարանով, նախասրահ, միջանցք, մեկ սանհանգույց` լոգարանի հետ մեկտեղ (ցանկալի է, լրացուցիչ ևս մեկ սանհանգույց):
Սպիտակի տան ընդհանուր մակերեսը կազմում է 295,9քմ: Վերակառուցումից հետո, տունը կունենա 8 ննջասենյակ, 2 աշխատասենյակ, մեկ հանգստի և մեկ զբաղվածության սենյակներ, խոհանոց` երկու լվացարանով, պահեստային մաս, ճաշասենյակ, երեք սանհանգույց և երկու լոգարան: Երկու տներն էլ ունեն կոսմետիկ վերանորոգման և կահավորման, ինչպես նաև` գազաֆիկացման կարիք: 8 հոգանոց խնամքի տանը կտեղավորվեն նրանք, ովքեր համեմատական կարգով ավելի լավ են պահպանված, առողջական վիճակն ավելի լավ է և որոնց ինքնուրույնության աստիճանն ավելի մեծ է, իսկ 16 հոգանոցում նրանք, ովքեր ավելի շատ ուշադրության ու խնամքի կարիք ունեն: Տվյալ խմբերում ընդգրկվելու համար, հիմք է ընդունվում համապատասխան ադապտացված հարցաշարով իրականացված գնահատման արդյունքները:
Ա. Գևորգյանն ասաց, որ առայժմ ծրագրի շահառունները չեն ընտրվել: Փորձնական` մեկ տարի ժամկետից հետո կվերլուծվի և կգնահատվի 8 և 16 հոգանոց տների արդյունավետությունը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ «Ընտանիքները հրաժարվում են ընդունել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին»․ Ա․Գևորգյան