Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, իրականացնելու հնգամյա ծրագիր, որը կաջակցի ՀՀ Կառավարությանը՝ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին:
Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Քարեն Հիլիարդը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Հենրիեթ Արենսը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ այսօր բարեփոխումները գտնվում են կարևոր շրջափուլում և նախկինում կատարված աշխատանքները հաջող հիմք են հանդիսանում այս նոր ծրագրի մեկնարկի համար: Նա իր խոսքում ընդգծեց նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես շատ անելիքներ ունի այս ոլորտում:
Ելույթի ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց գործընկերներին շարունակական աջակցության և համագործակցության համար և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարձանագրվեն առարկայական արդյունքներ:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է բարելավել այլընտրանքային ընտանեկենտրոն խնամքի տարբերակները և զարգացնել համայնքահեն ծառայությունները՝ դադարեցնելով երեխաների ներհոսքը խնամքի շուրջօրյա և հատուկ հանրակրթական հաստատություններ: