ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց հաշամանդամության սահմանման նոր չափորոշիչների ռետրոսպեկտիվ փորձարկման 4-րդ փուլի արդյունքները և նշեց, որ այս դեպքում գնահատվելու են ո՛չ միայն անձի առողջական խնդիրները, այլև՝ միջավայրի մատչելի պայմանները։
Ըստ նրա՝ փորձարկումը տեղի է ունեցել օրեր առաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որին հրավիրվել էին հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ ղեկավարներ, ակտիվ ներկայացուցիչներ, ովքեր ունեին հաշմանդամություն:
Աննա Հակոբյանը հիշեցրեց, որ մշակված ձևաչափերը, որոնց օգնությամբ պետք է գնահատվեն անձի խնդիրները և կարողությունները, ամբողջությամբ հիմնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որոնք օգտագործվում են աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:
«Մասնակիցները շատ կարևորեցին դիմումի ձևը՝ գտնելով, որ այն հարմար էր ինքնուրույն լրացնելու համար, հնարավորություն է ընձեռում անձանց՝ գնահատելու իրենց կարողությունները, ներուժը, հնարավորությունները: Կարևոր է, որ մարդն ինքն էլ հնարավորություն ունի որոշելու, թե ինչ ծառայությունների ակնկալիք ունի»,-ասաց նա։
Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետը հավելեց, որ իրենք կարևոր դիտարկումներ կատարեցին. «Նշեմ մեկը` այս փուլը կազմակերպվեց նախարարությունում, որովհետև հրավիրվածները հիմնականում տեղաշարժման խնդիրներ ունեցող անձիք էին, իսկ այն վայրերը, որտեղ պետք է իրականում անցկացվեն բոլոր գործընթացները, մատչելի չէին նրանց մուտքի և տեղաշարժման համար: Սա կրկին հուշում է բոլորին` շենք-շինություններ նախագծելիս, կառուցելիս հաշվի առնել ունիվերսալ դիզայնի նորմերը»,-ասաց նա և հավելեց, որ մասնակիցներն այս գործընթացը կարևորել են նաև այն տեսանկյունից, որ այս դեպքում գնահատվելու են ո՛չ միայն անձի առողջական խնդիրները, այլև՝ մասնակցային և միջավայրային գործոնները:
«Այսինքն՝ հարցը դիտարկվում է հետևյալ տեսանկյունից` անձն իր առողջական խնդիրներով հանդերձ ունի հաշմանդամություն, քանի դեռ նրա լիարժեք կենսագործունեության համար ստեղծված չեն հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ»,-եզրափակեց նա։