ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել էր Գեղարքունիքի մարզ: Մարզային այցի ընթացքում նախարար Ասատրյանին ուղեկցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետը:
Այցի շրջանակներում նախարարն այցելեց Գավառի մանկատուն, որտեղ ծանոթացավ մանկատան խնամքի պայմաններին, գույքային խնդիրներին: Իր խոսքում նախարար Արտեմ Ասատրյանը կարևորեց պետության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես «Երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու ՀՀ կառավարության ծրագիրը» և հայտնեց, որ Գավառի մանկատուն այցելությունը նպատակ ունի պատկերացում կազմել հնարավոր այն քայլերի մասին, որոնք իրականացվելու են ոլորտում: Նախարարը նշեց, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի կենսաբանական ընտանիք կամ հարազատներ ունեցող երեխաները վերադարձվեն ընտանիք: Ծանոթանալով մանկատան պայմաններին՝ նախարարն ընդգծեց, որ երեխաները պատշաճ խնամք պետք է ստանան և հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները Գավառի մանկատանը բավական լավ հիմքի վրա են դրված:
Նախարարի հաջորդ կանգառը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատն էր, որն իր բնույթով միակն է Հայաստանում և որտեղ կազմակերպվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքը: Տուն-ինտերնատում նախարարն արձանագրեց բազմաթիվ խնդիրներ՝ կապված գույքային հարցերի, սենյակային պայմանների, խնամքի համապատասխան չափորոշիչների պահպանման հետ: Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ խնամվողների կարիքների ճշգրիտ գնահատում իրականացնելու և խնամքն ըստ կարիքի կազմակերպելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս խնամքի կազմակերպման չափորոշիչներ է մշակում, և առաջիկա աշխատանքներն ուղղված կլինեն այդ խնդրի լուծմանը:
Նախարարի մարզային այցի օրակարգում էր նաև ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքին ծանոթանալը: Նախարարը նշեց, որ «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին ծառայություն մատուցելու նպատակով կազմակերպվել են միասնական ընդունարաններ: Այստեղ նախարարն ընդգծեց, որ քաղաքացիների իրավունքները պատշաճ իրացնելու տեսանկյունից կարևորագույն խնդիր է դիմումների ընդունումը, ինչը իրականացնելու համար պետք է լիարժեք գործարկվեն միասնական ընդունարանները: Սա լինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջիկա հիմնական անելիքներից մեկը: Այս ոլորտում նախարար Արտեմ Ասատրյանը կարևորեց նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի ձևավորումը, ինչը թույլ կտա կարիքների գնահատման հիման վրա իրականացնել սոցիալական աշխատանք և պատշաճ սոցիալական ծառայություն մատուցել քաղաքացիներին:
Անդրադարձ կատարվեց նաև մարզում իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերին: Նախարար Արտեմ Ասատրյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ քննարկեց այդ ծրագրերի ընթացքը, մարզում արձանագրված արդյունքները, առկա խնդիրները, և դրանց հաղթահարման ուղիները:
Նախարարի մարզային այցն ամփոփվեց սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզում սոցիալական ծառայության ոլորտի խնդիրները, և դրանց լուծումներն ապահովելու համար նախարարի և մարզպետի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ պայմանանվորվելով պարբերաբար անդրադառնալ դրանց կատարման ընթացքին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին