Հանդիպում անհայտ կորածների ընտանիքների հետ

0
79

ՍԵպտեմբերի 20-ին ՀՀ Կոտայքի մարզի զինկոմիսարիատում տեղի ունեցավ  հերթական հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի այլ անդամներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամները վստահեցրեցին, որ շարունակվում են անհայտ կորածների որոնողական աշխատանքները և իրականացվում է նրանց տվյալների ճշգրտման գործընթացը:

Հարազատներին մտահոգում էին հիմնականում հետևյալ խնդիրները` մարզում հուշարձանի տեղադրում, համապատասխան օրենքի նախագծի ընդունում, ինչով կհստակեցվի նրանց կարգավիճակը, սոցիալական խնդիրներ, այդ թվում բշժկական օգնություն` դեղորայքի անվճար տրամադրմամբ և այլ հարցեր:

«Հավատացնում եմ, որ մենք պատրաստակամ ենք ուժերի ներածին չափով օգնել Ձեզ: Աջակցության լավագույն միջոցը կարծում եմ աշխատատեղի ապահովումն է: Կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ և համոզված եղեք, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կապահովվեք աշխատանքով»,- հավաստեց իր խոսքում տիկին Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում հնչեցին բանավոր հարցադրումներ, իսկ գրավոր դիմումները տիկին Բաղդասարյանի առաջարկով կուղարկվեն նախարարություն, որտեղ կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն և օրենքի ու նախարարության իրավասությունների շրջանակում կտրվեն սպառիչ պատասխաններ:

Նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են կրում` նպատակ ունենալով ծանոթանալու նրանց սոցիալական, առողջապահական խնդիրներին և հնարավորության դեպքում աջակցել: