Ա. Գալստյանը՝ թե ինչ կենսաթոշակ է նշանակվում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին

0
121

Մահացած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական (դրամական) աջակցությունը կարելի է բաժանել երկու մասի՝ միանվագ և պարբերական:

Միանվագ աջակցության տրամադրումը, օրենսդրության համաձայն, Պաշտպանության նախարարության իրավասության ներքո են: Բացառապես այդ նախարարությունն է վճարում զինծառայողի զոհվելու, հուղարկավորության հետ կապված, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման  ծախսերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարում է կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության զինվորական կենսաթոշակները, ինչպես նաև պարգևավճարը:

Ի՞նչ և որքա՞ն կենսաթոշակ է սահմանում օրենսդրությունը հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին: Այս հարցերի վերաբերյալ Panorama.amը խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի հետՎարչության պետը բացատրեց, որ խնդրո առարկա հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքով ընտանիքի անդամներ են համարվում զոհվելու օրվա դրությամբ 63 տարին լրացած կամ հաշմանդամ ճանաչված, չաշխատող ծնողները, ամսուսինը՝ անկախ այն հանգամանքից, նրանք միասին են ապրում, թե առանձին, հաշվառված են նույն հասցեում, թե ոչ»,- ասաց նա:

Գալստյանը բացատրեց, որ եթե զոհված զինծառայողի ծնողներն կենսաթոշակային տարիքի են և ստանում են տարիքային կենսաթոշակ կամ ստանում են հաշմանդամության կենսաթոշակ, ապա իրենք պետք է ընտրեն, դրանցից որն են ցանկանում ստանալ՝ տարիքային կենսաթոշա՞կը, հաշմանդամությա՞ն կենսաթոշակը, թե՞ կորցրած կերակրողի դեպքում սահմանված զինվորական թոշակը:

«Մեզ մոտ երկու կենսաթոշակ հասկացություն չկա, քաղաքացու ընտրությամբ կարող է նշանակվել և վճարվել միայն մեկ կենսաթոշակ»,- ասաց նա:

Անահաիտ Գալստյանի խոսքով, այս պարագայում առավել խոցելի շահառուներ են համարվում զոհված զինծառայողների երեխաները:

«Նրանք գտնվում են մահացած կերակրողի խնամքի ներքո: Մինչև 18 տարեկան երեխան կարող է ստանալ կերակրողին կորցնելու զինկենսաթոշակ, իսկ եթե երեխան սովորում է ցերեկային ուսուցմամբ, ապա զինկենսաթոշակը կստանա մինչև ուսուման վերջը, սակայն ոչ ավելի, քան 23 տարին լրանալը»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Կերակրողին կորցելու դեպքում զինկենսաթոշակ է նշանակվում նաև ամուսնուն մինչև երեխայի 14 տարին լրանալը, եթե նրա հետ հաշվառված է նույն հասցեում և չի աշխատում: Ա. Գալստյանը մանրամասնեց, որ նշանակվող կենսաթոշակի չափը տարբեր է:

«Նվազագույն չափը 24 հազար դրամ է, սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային զինծառայողների համար: ՄՆացած դեպքերում կենսաթոշակի չափը պայմանավորված է զոհված զինծառայողի զբաղեցրած պաշտոնով»,- ասաց վարչության պետը:

«Ենթադրենք, զոհված զինծառայողն ունի 10 տարեկան երեխա, մայրը չի աշխատում: Առանձին կենսաթոշակ կնշանակվի երեխային՝ մինչև նրա 18 տարեկան դառնալը, և մորը՝ մինչև երեխայի 14 տարեկան դառնալը: Նրանց առանձին-առանձին կնշանակվի նաև պարգևավճար: Դրա չափերն էլ տարբեր են: Պարգևավճար կնշանակվի նաև ընտանիքին` 30000 դրամի չափով: Եթե երեխան ունի հաշմանդամություն և ստանում է հաշմանդամության նպաստ, ապա պարգևավճարի չափն ավելանում է»,- մանրամասնեց նա:

Գալստյանն ընդգծեց, որ այս բոլորը պարբերական վճարումներ են, մինչև իրավունքի դադարումը նրանք ամեն ամիս ստանալու են և կենսաթոշակը, և պարգևավճարը: Ա. Գալստյանն ընդգծեց, որ կերակրող կորցնելը չի նշանակում կորցնել իր հետ ապրող հարազատին:

«Հնարավոր է զոհվածի հետ նույն տանն ապրում է եղբայրն իր ընտանիքով: Դա չի նշանակում, որ եղբայրը կերակրող է կորցրել: Մենք ասում ենք, որ կերակրող կորցնելը վերաբերում է  քրոջը, եղբորը, թոռանը, եթե վերջիններիս ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, այսինքն չեն կարող աշխատել: Այսինքն, ի հայտ է գալիս հանգամանք, որ նա այդ մարդկանց կերակրողն էր, ընդ որում նրանք պետք է հաշվառված լինեն մի հասցեում: Հանգամանքները օրենսդրությամբ մանրամասն կերպով սահմանված են»,- բացատրեց վարչության պետը:

Ընդհանրապես, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակելու համար օրենսդրությամբ չափանիշներ սահմանելը նպատակ է հետապնդում պարզելու շահառուի` մահացածի խնամքի տակ գտնվելու հանգամանքը:

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ կլինեն ընտանիքներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և կարող են օգտվել սոցիալական նպաստի իրավունքից:

Ա. Գալստյանը բացատրեց, որ կենսաթոշակ ստանալու համար պետք է դիմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամը: Մյուս փաստաթղթերը իրենք ստանում են Պաշտպանության նախարարությունից:

«Զոհվելուց հետո 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է զոհվելու օրվանից: Իսկ եթե 6 ամիս հետո է դիմում, ապա կենսաթոշակ նշանակվում է դիմելու օրվանից: Ես չեմ կարծում, որ խնդիրը հասնի դրան, որովհետև այդ հարցերը կկարգավորվեն պետական մարմինների նորմալ համագործակցությամբ»,- ասաց նա:

Ա. Գալստյանը նշեց, որ օրենսդրության համաձայն, հայրենիքը պաշտպանելիս կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում նշանակվում է միանվագ 2 մլն դրամ միանվագ գումար: Հուղարակորության հետ կապված ծախսերի համար տրվում է 700 հազար դրամ, ևս 1 մլն 400 հազար դրամ տրվում է գերեզմանների բարեկարգման համար: Միանվագ  նպաստների վճարումը կատարում է Պաշտպանության նախարարությունը: