Ազգային մակարդակում սոցիալական համաձայնագիրը համագործակցության նոր ձևաչափի հիմք է դնում. Ա. Պետրոսյան

0
86

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ապրիլի 8-ին կայացել է «Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի» շնորհանդեսը, որին մասնակցում էին շուրջ 30 հասարակական և միաջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը հանդիպման բացման խոսքում նշել է, որ այս համաձայնագրով համագործակցության նոր ձևաչափի հիմք է դրվում, որը լավագույնս բնորոշում է նախարարության վերջին տարիների բարեփոխման քաղաքականությունը: «Նեդրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը նույնպես կարիք ունի շարունակական համակարգային զարգացման և այս առումով աջակից ցանցի ստեղծումը ինչ-որ տեղ ամբողջացնում է այս ամենը»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալը:
Հանդիպման ընթացքում նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը ներկայացրել է Ազգային համաձայնագրի հիմնական նպատակներն ու առաքելությունը՝ կարևորելով ազգային մակարդակում ստեղծվող ցանցի գաղափարը: Նախարարի խորհրդականը խոսել է  ցանցի առանձնահատկության մասին՝ որպես սոցիալական դաշտում խնդիրների վերհանման, կարիքների գնահատման և լուծման արդյունավետ գործիքակազմ: Ցանցային համագործակցության համատեքստում Արեգ Սավգուլյանը մատնանշել է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և «Պետություն-ՀԿ-Բիզնես ոլորտ-Անհատ» վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմները:
Հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են որոշ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին պետական բյուջեից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերը մրցույթով անցկացնելու խնդրին և նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել է Տարածքային մակարդակում ձևովորվող համակարգող խորհուրդների և աջակցող ցանցերի մասին: Ըստ այդմ 55 համայնքային միավորներում ստեղծվելու են 9 հոգանոց խորհուրդներ, որտեղ ներգրավվելու են 4 պետական (4 սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, սոցիալական ապահովության պետական ծառայություն, բժշկասոցիալական) և 5 ոչ պետական կազմակերպություններ: Եվ կոչ է  արել ՀԿ-ներին տարածքային մակարդակում օժանդակել աջակից ցանցերի ձևավորմանը:
Քննարկման ավարտին կազմակերպությունները ընդհանուր առմամբ դրական են գնահատել ազգային մակարդակում ցանցի ստեղծման գաղափարը և պատրաստակամություն հայտնել միանալ այդ գաղափարի իրագործմանը: