Հարգելի հայրենակիցներ,
Մեծ Հայրենականի սիրելի վետերաններ,
Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան փառահեղ Եռատոնի կապակցությամբ:
Մենք բացառիկ առիթ ունենք մայիսի 9-ին մեր երախտիքի խոսքը հղելու մեր ժողովրդի տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ մեզ հաղթանակի բերկրանք պարգևելու համար:
Յոթ տասնամյակ առաջ այս օրն արձանագրվեց Հայրենական Մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակը, որին, ի թիվս այլ ժողովուրդների, իր աննկարագրելի ավանդն ունեցավ նաև մեր ժողովուրդը:
25 տարի առաջ մեր մի նոր սերունդ Շուշիի ազատագրմամբ կերտեց նոր նվաճում՝ Հաղթանակի օրվան հաղորդելով նոր խորհուրդ և իմաստ:
Եվ այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցների և վետերանների առջև, ովքեր իրենց քաջությամբ ու անձնուրաց նվիրումով պարգևեցին մեզ հաղթանակած լինելու զգացումը, և որ ամենակարևորն է՝ ապահովեցին մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգությունը:
Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև:
Կրկին շնորհավորելով մեր հայրենակիցներին՝ Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի կազմավորման առթիվ՝ մաղթում եմ բոլորիս նորանոր հաղթանակներ և խաղաղություն: