Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

0
117

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին  կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց  հարցերով  զբաղվող ազգային հանձնաժողովի 2017թ. անդրանիկ  նիստը:

Նիստի ընթացքում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները,  նախարարության կողմից նախօրոք մշակված հաշվետվային ձևաչափերով, ներկայացրել են  մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը, նշել է, որ 2016 թվականի ընթացքում մարզային և Երևան քաղաքի  համապատասխան հանձնաժողովների  կողմից իրականացվել  են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք  հստակորեն արտացոլվել են արդեն մշակված ձևաչափերում:  Ըստ ոլորտի կազմված ձևաչափերը հնարավորություն են տալիս  տեսանելի դարձնել առկա խնդիրները և  իրականացնել անհրաժեշտ աշխատանքները:

Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են առաջարկություններ հաջորդ տարվա ընթացքում ներկայացվող զեկույցներում հիմնականում անդրադառնալ հաշմանդամության ոլորտում մարզերում և Երևան քաղաքում հիմնական ձեռքբերումներին և առկա կարևորագույն խնդիրներին, որոնք հնարավոր է քննարկել ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում քննարկվել են  նաև   Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր  ծրագրի  մշտադիտարկումը և գնահատումն  իրականացնող  միջգերատեսչական խմբի  ձևավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացվել է տեղեկատվություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հաշվետվության վերաբերյալ:

Բարձրացված կարևոր հարցերի շարքում քննարկվել են նաև  մարզային մարզադպրոցների հարմարեցման, քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի վերանայման հարցերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց  հարցերով  զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին  մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաև ոլորտում  գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: