ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկուհի Գևորգյանն այսօր ստորագրեցին հուշագիր և համաձայնագիր Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի հետ:
Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Կարևորելով Պետական կառավարման ակադեմիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ այսօր պետական համակարգում կա որակյալ մասնագետների պահանջ: «Մենք փորձում ենք, ԲՈՒՀ-երի հետ սերտ համագործակցություն ստեղծելով, լուծել պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների խնդիրը»,- նշեց նախարարը:
Կրթություն ստանալուց հետո պետական մարմնում աշխատանքի անցնելու տեսանկյունից նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում կարևորեց ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպումը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը:
Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն իր հերթին վստահեցրեց, որ այս համագործակցությունը կծառայի իր նպատակին և կնպաստի որակյալ մասնագետների պատրաստմանը:
Հուշագրի շրջանակներում Զբաղվածության պետական գործակալությունը աջակցելու է Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների զբաղվածության ապահովմանն ուղղված համագործակցության ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացմանը:
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը համաձայնագրի շրջանակներում ուսանողներին աջակցելու է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման գործընթացների արդյունավետության բարձրացմանը:
Ստորագրման արարողությունից հետո նախարար Արտեմ Ասատրյանը բաց դաս անցկացրեց Պետական կառավարման ակադեմիայի ուսանողների համար, որի ընթացքում ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսեց կենսաթոշակային էլեկտրոնային տեղեկատվական, բազմաստիճան կենսաթոշակային, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգերի ներդրման և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման մասին:
Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցրերն ուղղեցին նախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը և ընտանեկան նպաստի նշանակման գործընթացում առկա խնդիրներին: