Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալ Ճան Իճընին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական ոլորտում հայ-չինական համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ ընդգծելով երկու երկրների ոլորտային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
Նախարար Արտեմ Ասատրյանը չինական պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես անդրադառնալով՝ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, կենսաթոշակային գործող և ներդրված կուտակային համակարգերին, դրանց բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու IBM ընկերության հետ համագործակցությանը, որն ըստ նախարարի՝ ունի ռազմավարական նշանակություն:
Պատվիրակության ղեկավար Ճան Իճընն, իր հերթին, ներկայացրել է Չինաստանում սոցիալական պաշտպանության համակարգում իրականացվող ծրագրերը և հատկապես անդրադարձել զբաղվածության և կենսաթոշակային խնդիրներին՝ նշելով, որ այդ ոլորտներում փորձի փոխանակումն կնպաստի խնդիրների արդյունավետ լուծմանը:
Նախարարի տեղակալ Ճան Իճընն Արտեմ Ասատրյանին է փոխանցել նաև ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի՝ փոխադարձ այցով Չինաստան մեկնելու հրավերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնել և զարգացնել երկու երկրների նախարարությունների միջև հետագա փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալ Ճան Իճընը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրավերով: