Ցեղասպանությունը վերապրածների թոշակը կբարձրացվի 75 000 դրամով

0
98

ՀՀ կառավարությունը մարտի 19-ի նիստում ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  

Օրենսդրության համաձայն` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվում է քսանհինգ հազար դրամ դրամական օգնություն, որը վճարվում է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ՝ ընդհանուր գումարով: Բացի այդ, նրանց վճարվում է նշանակված կենսաթոշակի 150 տոկոսը:

Նախագծով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 687-Ն որոշմամբ սահմանված  դրամական օգնության չափը (25000 դրամը) ավելացվել է 75000 դրամով կամ 4 անգամ: Արդյունքում  դրամական օգնության չափը 2015 թվականի ապրիլի 1-ից կկազմի 100 000 դրամ:

Օրինակ` եթե Արևմտյան Հայաստանում ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձի կենսաթոշակը կազմում է 40 000 դրամ, ապա նրան ներկայումս յուրաքանչյուր ամիս վճարվում է 85 000 դրամ, որից` 60000 դրամը կենսաթոշակի 150 տոկոսն է, իսկ 25000 դրամը`  դրամական օգնությունը: Այդ անձին 2015 թվականի ապրիլի 1-ից կվճարվի 160000 դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի 1-ից:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած  անձինք 33 են: