Անձին պետք է դիտարկել ոչ թե իր հիվանդության, այլ կարողությունների, ընդունակությունների և ներուժի տեսանկյունից

0
102

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սպասարկման այլընտրանքային ծառայությունների մատուցման, նրանց ընդունակությունների, հմտությունների և ունակությունների վերականգնման, ինչպես նաև հասարակություն ինտեգրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից 2015թ. կիրականացվի փորձնական 2 ծրագիր:

Ըստ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ախտաբանական վիճակների և հիվանդության ծանրության աստիճանի` նախարարությունը մշակել է նրանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների անհատական կարիքների գնահատման մեթոդաբանություն: Գործընկեր կազմակերպության աջակցությամբ էլ մշակվել են նրանց կարիքների գնահատման համար համապատասխան գործիքներ` հարցաշարեր, առողջության գնահատման աղյուսակ, արտահիվանդանոցային ծառայություններին ներկայացվող պահանջներ:

Մշակված մեթոդաբանության և նշված գործիքների օգնությամբ համապատասխան մասնագետներից /հոգեբույժ, հոգեբան, սոցիալական աշխատող, նախարարության աշխատակիցներ/ կազմված աշխատանքային խումբը հանրապետության խնամք տրամադրող բոլոր հաստատություններում իրականացրել է նրանց անհատական կարիքների գնահատումը:

Համապարփակ վերլուծություն կատարելուց և միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո ընտրվել է 2 մոդել: Մշակվել է 8 և 16 տեղանոց շուրջօրյա խնամքի տների ստեղծման փորձնական ծրագիր` Սպիտակ քաղաքում /16 անձ/ և Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում /8 անձ/ ներդնելու համար:

Կատարված աշխատանքների ամփոփման և հետագա քայլերի ու անելիքների նպատակով մարտի 13-ին կազմակերպվել էր «Հոգեկան առողջության համայնքային ծառայություններ» խորագրով հերթական դասընթացը: Մասնակիցներն էին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Տալլինի համալսարանի հոգեկան առողջության ծրագրերի խորհրդատու Ժոլթ Բուգարսզկին, Արագածոտնի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչներ, նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներ:

Տիկին Բաղդասարյանը բարձր գնահատելով և կարևորելով կատարված աշխատանքը` նշել է , որ ՀՀ կառավարությունը արդեն իսկ հաստատել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգը: «Ունենալով համապատասխան իրավական հիմք, կատարված ուսումնասիրություններ, միջազգային փորձ` համոզված եմ, որ նոր մոդելների ներդրմամբ կկարողանանք նոր մոտեցումներով և աշխատելաոճով լուծել այդ մարդկանց խնդիրները: Ստեղծել պայմաններ ու միջավայր իրենց զգալու հասարակության, համայնքի լիիրավ անդամ` դրսևորելով իրենց անհատականությունն ու ներուժը»,-իր խոսքում կարևորեց նախարարի տեղակալը:

Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարությանը գաղափարին աջակից լինելու և ցուցաբերած մեծ պատրաստակամության համար: Համատեղ կատարված աշխատանքների արդյունքները տեսանելի և օգտակար կլինեն ոչ միայն այդ մարդկանց, այլև համայնքի բնակիչների համար:

Հրավիրված փորձագետ Ժոլթ Բուգարսզկին ևս մեկ անգամ դասընթացի մասնակիցներին ներկայացրեց իր կողմից ուսումնասիրված երկրների փորձը, վերականգնողական համայնքային ծառայությունների տեսակները, ձեռքբերումներն ու հնարավոր դժվարությունները: Ըստ նրա այս գործընթացում մեծ և կարևոր դերակատարում ունի համայնքը: Սպիտակ քաղաքում գործող «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի տնօրեն Լ. Բաղդասարյանը մասնակիցներին ներկայացրեց իերնց կատարած աշխատանքն ու փորձը:

Ներկաները քննարկեցին իրագործված աշխատանքները, կիսվեցին իրենց մտահոգություններով և հստակեցրեցին հետագա անելիքներն ու քայլերը: