Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ-ում

0
128

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը  ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին հանդիպում է ունեցել  Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները: Նախարարը վարչապետին ներկայացրել է  կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և Արցախի նորմատիվ-իրավական դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկատվություն:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր և ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները: Արտեմ Ասատրյանը գոհունակություն է հայտնել, որ Արցախում ևս համապատասխան բարեփոխումները ընթացքի մեջ են:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի և արդյունավետ: Վարչապետ Հարությունյանի խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ: