ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա առիթով այցելեց համակարգի Գյումրուհաշմանդամների և տարեցների տուն- ինտերնատ` շնորհավորելու բնակիչներին և միասին կիսելու տոնական օրվա ուրախությունը:
Տարեցներին ուրախացնելու, օրը լիարժեք ու հագեցած դարձնելու նպատակով աշխատակազմի կողմից հրավիրվել էին «Գյումրվա վարպետներ» խումբն ու «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը», որոնք իրենց գեղեցիկ կատարումներով խնամվողներին պարգևեցին հաճելի ու երջանիկ պահեր:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, ուրախություն և բարեկեցություն: Մեր հոգեկերտվածքին բնորոշ է տարեցի, մեծի նկատմամբ հարգանքն ու ակնածանքը: Նույն վերաբերմունքն ունի նաև պետությունը իր խնամքի և հոգածության ներքո գտնվող տարեցների նկատմամբ: Հավատացած եղեք, որ մեր պետությունը՝ հանձինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իր հնարավորությունների սահմաններում անում է առավելագույնը ձեր հոգսերը հոգալու, ձեր կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար>,-իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը:
Տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանի հավաստմամբ էլ, թեև հաստատությունն իրականացնում է հաշմանդամությւոն ունեցող անձանց և տարեցների խնամքը, սակայն յուրաքանչյուր խնամվողի համար ամենլավ տունն իր հարազատի տունն է: Նա նշեց, որ հարազատների հետ կատարվում են հատուկ բացատրական աշխատանքներ` տարեցներին իրենց ընտանիք վերադարձնելու նպատակով, որի արդյունքում 7 տարեց արդեն վերադարձել է ընտանիք:
Նշենք, որ Գյումրու հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատը հիմնադրվել է 1949թ., որը նախատեսված է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած միայնակ տարեցների, ինչպես նաև չափահաս տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այնտեղ խնամվում է 160 հաշմանդամություն ունեցող անձ և տարեց: Նրանք գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո, ապահովված են սննդով, հագուստով, անկողնային պարագաներով, բուժօգնությամբ, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվությամբ:
Գյումրի կատարած այցի շրջանակներում պարոն Գրիգորյանն այցելեց նաև համակարգի Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և 2 գիշերօթիկ հաստատություններ: Ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացավ սաների խնամքի կազմակերպմանը, մատուցվող ծառայություններին, կատարված աշխատանքներին ու խնդիրներին: