Այսուհետ տարեցների համար կգործի «Skype» սենյակ. Նախարարի այցը՝ Նորքի տուն ինտերնատ

0
117

Հոկտեմբերի 1-ին` Տարեցների միջազգային օրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը և նախարարության այլ աշխատակիցներ այցելեցին Նորքի տուն-ինտերնատ:

Նորքի տուն ինտերնատում  մեծ ոգևորություն էր տիրում, քանի որ տարեցների համար հոկտեմբերի 1-ից գործելու էր «Skype»  համակարգչային սենյակը, որտեղ նրանք հնարավորություն կունենան շփել երկրից դուրս գտնվող իրենց հարազատների հետ, կփորձեն գտնել  իրենց երեխաներին, մանկության ընկերներին:

Նախարար Արտեմ Ասատրյանը  «Skype»  սենյակի հանդիսավոր բացումից հետո շրջեց հաստատությունում, ծանոթացավ վերջին շրջանում կատարված աշխատանքներին, խնդիրներին և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև նախարարը մասնակցեց  տուն ինտերնատում կազմակերպված ճաշկերույթին: Մեկ անգամ ևս շնորհավորելով  ինտերնատի տարեց բնակիչներին՝ նրանց առողջություն մաղթեց, երկար տարիների կյանք և անհոգ ծերություն: Նախարարը նաև հետաքրքրվեց տարեցների  խնդիրներով, խոստացավ հետամուտ լինել դրանց շուտափույթ լուծմանը, լսեց նրանց  ցանկությունները, անձնական խնդրանքները:

Տուն-ինտերնատում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը անդրադառնալով սոցիալական պաշտպանությանը և  խնդիրներին՝ նշեց, որ  այսօր Հայաստանում բավական առարկայական հիմքերի վրա են դրված դրանց լուծումները, և այսօր  նախարարության ենթակայության տակ գտնվող  4 հաստատություններում տարեցներին տրամադրվում է  նվազագույն սոցիալական ծառայություններ փաթեթ, որից առաջին հերթին օգտվում են իրենց ընտանիքներում չխնամվող, կամ միայնակ ապրող, անժառանգ տարեցները:  Բացի այդ, նախարարը  նշեց, որ  տարեցներին շուրջօրյա խնամքով ապահովելու ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ նախարարության կողմից շարունակական բնույթ կրող աշխատանքներ են կատարվում:

Նախարարը անդրադարձավ նաև կառավարության կողմից հաստատված տարեցներին տրամադրվող նոր  սոցիալական ծառայությունների  հայեցակարգին, մասնավորապես նշելով, որ առաջիկայում նոր մոդելներ են ներդրվելու, և այդ ուղղությամբ նախարարությունը բազմածավալ աշխատանքներ է իրականացնում:

Նախարար Արտեմ Ասատրյանի այցը Նորքի  տուն-ինտերնատ ավարտվեց տարեցների երգ ու պարով, գեղեցիկ մաղթանքների ուղեկցությամբ:

Հոկտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև  Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկաման կենտրոնում», Գյումրու տուն-ինտերնատում: Բոլոր հաստատություններում ևս կազմակերպվել էր  տոնական համերգային ծրագրեր՝ տարբեր երգի և պարի համույթների մասնակցությամբ, որոնք  մեծ ոգևորություն պարգևեցին տարեց բնակիչներին: