ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության ու համագործակցության համար և պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության շարունակականության և Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում համակարգային բարեփոխումների ապահովման ուղղությամբ:
Հանդիպման առանցքային թեման գենդերային հարցերն ու հավասար հնարավորությունների խնդիրներն էին:
Թեմայի շրջանակներում հանձնակատար Նիլս Մուիժնիկսը ողջունեց «Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունումը ՀՀ կառավարության կողմից և հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ օրենքի կիրարկումն իրականացնելու ուղղությամբ:
Նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել է մոնիթորիգնի և գնահատման համակարգ և այդ ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել նախարարության գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Արդյունքում պատրաստվել է համապատասխան նախագիծ, որը ներկայացվել է կառավարությանը:
Գենդերային հիմնահարցերի հետ կապված, նախարարը նշեց, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը արդեն 2 տարի է գենդերային հիմնահարցերի թեմաներով վերապատրաստման դասընթացներ է իրականացնում քաղծառայողների համար: Բացի այդ նախարարությունը մշակել է թեմատիկ ուղեցույցներ այն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնք առնչվում են այս խնդիրների հետ և գործնականում կիրառում են այդ ուղեցույցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներին, դրանց կիրառմանը Հայաստանում և նախարարության իրականացրած քայլերը բռնության կանխարգելման և բռնության զոհերին աջակցելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Նիլս Մուիժնիկսը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ Եվրոպական խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, մշտապես պատրաստ է խորհուրդներ և աջակցություն տրամադրել: Նախարարն էլ իր հերթին աշխատանքային հաջողություններ մաղթեց հանձնակատարին: