ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես` UNICEF, USAID, UNDP, սկսել է հաշմանդամության սահմանման նոր մոդելի ռետրոսպեկտիվ փորձարկումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։
«Նոր մոդելը հիմնված է Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից մշակված ֆունկցիաների միջազգային դասակարգման վրա, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես անձի առողջական խնդրի և միջավայրային գործոնների փոխազդեցություն։ Անձին հաշմանդամ ճանաչելու համար բավարար հիմք չէ միայն նրա ախտորոշումը, այլ կարևոր է գնահատել անձի կարողություններն ու հնարավորությունները, որոնք ուղղակիորեն կախված են միջավայրային գործոններից: Այսպիսի մոտեցման նպատակն է` բարեփոխել հաշմանդամության գնահատման համակարգը, այն դարձնել առավել հստակ և կանխել հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները»,-ասաց նա:
Ըստ նրա՝ փորձարկման համար թիրախային խմբեր են ընտրվել այն անձիք, ովքեր արդեն ճանաչված էին հաշմանդամ: «Նախարարության մասնագետները նախապես ստացել են նրանց համաձայնությունը փորձարկմանը մասնակցելու համար, պատշաճ տեղեկացրել հարցման նպատակը և գործընթացի մանրամասները, հավաստիացրել, որ հարցման արդյունքում նրանց կողմից տրամադրած տեղեկատվությունը հիմք չի հանդիսանալու նրանց հաշմանդամության կարգավիճակը փոփոխելու համա»,-ասաց նա և նշեց, որ իրենց գործընկերներն աջակցել են քաղաքացիների տեղափոխման, սննդով ապահովման հարցերում:
Աննա Հակոբյանը նշեց, որ փորձարկման ժամանակ կիրառվել են նախապես մշակված բոլոր այն գործիքները, որոնք հանդիսանալու են հաշմանդամության սահմանման համար տեղեկատվության հավաքագրման հիմք: «Փորձարկման ժամանակ կպարզվի, թե նոր մեթոդաբանությունը որքանով է ճիշտ գնահատում անձի ֆունկցիոնալ կարողությունները` առողջության և միջավայրի գործոնների փոխազդեցության համատեքստում: Փորձարկման արդյունքում բացահայտած խնդիրները կօգնեն վերանայել մշակված գործիքները և դրանք լրամշակել` առավել արդյունավետ և կիրառելի դարձնելու համար»,-ասաց Աննա Հակոբյանը: