ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում:
Այցելության առաջին կանգառը Սպիտակ քաղաքում գտնվող «Վարպետաց թաղամասն» էր, որտեղ նախարարը ծանոթացավ սոցիալական բնակարանների պայմաններին, խոսեց բնակիչների հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Մարզկենտրոն Վանաձորում նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին հանդիպեց սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծեց սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և հզորացման անհրաժեշտությունը, ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ կարևորելով երեխայի խնամքի կազմակերպման սկզբունքը: Սոցիալական պաշտպանության առումով նախարարը կարևորեց մի քանի ուղղություններ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականության բարեփոխումները, զարգացման ակտիվ ծրագրերի արդյունավետությունը և ծրագրերի հետ կապված խնդիրները: Մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ զարգացման ակտիվ ծրագրերի լայն իրազեկման և խնդիրների վերհանման հետ կապված առաջարկեց Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների հետ առաջիկա մարզխորհրդի նիստում քննարկում կազմակերպել:
Այցի շրջանակներում Վանաձորի Ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարն անդրադարձավ մարզում իրականացվող ոլորտային ծրագրերին: Նիստի ավարտին նախարարը անկոտրում ոգու և կամային բարձր հատկանիշների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով պարգևատրեց խուլ ու համրերի ըմբշամարտի հունա-հռոմեական ոճում երիտասարդների աշխարհի չեմպիոն Սարկիս Ավետիսյանին:
Նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակության վերջին 2 կանգառները Վանաձորի մանկատունն ու Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն էր: Վանաձորի մանկատան տնօրենը նախարարին ներկայացրեց մանկատան պայմանները, մանկատան տարածքում գործող կարի և մեքենաների վերանորոգման արհեստանոցները, որտեղ երեխաները հաճախում և ձեռք են բերում հմտություններ:
Մանկատանը կազմակերպվել էր նաև փոքրիկ համերգ, որի ընթացքում մանկատան երեխաները ներկայացրեցին ազգային, դասական և արտասահմանյան պարեր՝ մեծ ոգևորություն պարգևելով նախարարին և ներկա հյուրերին:
Իսկ թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում պատվիրակությանը դիմավորեցին հաստատության հիմնով, որը գրել և երգում էին հաստատությունում ժամանակավոր խնամք ստացող երեխաները: Այստեղ նախարարը ծանոթացավ շենքային պայմաններին, շփվեց երեխաների հետ:
«Լոռու մարզում ունենք կայացած սոցիալական համագործակցության ինստիտուտ, և, սոցիալական ծառայությունները առավել հասանելի ու մատչելի դարձնելու նպատակով, պետք է կարողանանք պետական միջոցներով իրականացվող ծրագրերը համադրելի դարձնենք տեղական իշխանությունների նախաձեռնություններին: »-, ամփոփելով աշխատանքային այցը Լոռու մարզ՝ նշեց նախարար Արտեմ Ասատրյանը: