«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ, հանրային քննարկումների շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության, ԿՀԻԿ հիմնադրամի կողմից հոկտեմբերի 18-19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ երկօրյա քննարկում սոցիալական ոլորտը լուսաբանող լրագրողների հետ:
Քննարկմանը ներկա էին առցանց մամուլի և հեռուստաընկերությունները ներկայացնող 20 լրագրողներ:
Հանդիպման հիմնական բանախոս, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը քննարկման ընթացքում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները, խոսեց հղիության և ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին: Այնուհետև հնչած հարցերի վերաբերյալ ներկայացվեցին պարզաբանումներ:
Լրագրողների հետ կայացած քննարկման ընթացքում ձևավորվեցին խնդրի լուծման հետևյալ մոտեցումները, մասնավորապես՝ նպաստի չափը սահմանելիս հաշվի առնել միայն հիմնական աշխատավարձի չափը՝ առանց պարգևավճարների, նպաստի չափը կապել անձի անընդհատ աշխատանքային ստաժի տևողությանը հետևյալ երկու սկզբունքներով՝տվյալ գործատուի մոտ և վերջին 2 տարում՝ առնվազն 18 ամիս, փոխհատուցման գործակցի նվազագույն շեմը սահմանել 50%:
Հանդիպման առաջին օրը քննարկմանը միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և թեմայի շրջանակներում պատասխանեց լրագրողների հարցերին:
«Իսկապես շատ կարևոր թեմա ենք քննարկում և այն ունի մեկ նպատակ, այն է՝ մենք կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են մեր կողմից: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց:»,-իր խոսքում նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվելու են, և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մյուս շահագրգիռ կողմերի հետ: