ԱՄՆ փորձագետները ներկայացրել են իրենց փորձը հաշմանդամության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մայիսի 26-ին մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացի բացմանը:

Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալը կարևորել է հաշմանդամության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը տվյալ դասընթացին՝ նշելով, որ յուրաքանչյուրը ներկաներից կարող է մեծ ներդրում ունենալ ոլորտի բարելաման գործում:

Անդրադառնալով <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին> ՀՀ օրենքի նախագծին, տիկին Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ մշակման գործընթացին իրենց մասնակցությունն են ունեցել ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունները: «Սա մայր օրենք է լինելու և շատ կարևոր է, որ մենք որևէ սխալ թույլ չտանք և կարողանանք այն բոլոր կարգավորումները, որ այս ոլորտում անհրաժեշտ են մենք ունենանք: Օրենքի նածագիծը  քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում և արդեն իսկ գտնվում է ՀՀ կառավարությունում: Օրենքի մշակման գործընթացում հաշվի է առնվել նաև ամերիկյան մեր գործընկեր փորձագետների կարծիքը»,- իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում ամերիկացի և հայ փորձագետները ներկայացրել են իրենց երկրներում հաշմանդամություն ունեցող  անձանց վերաբերյալ քաղաքականությունը, օրենքները, լավագույն փորձը: Ամերիկացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել նաև ենթաօրենսդրական ակտեր մշակելու գործընթացում ներկայացնել իրենց երկարամյա փորձն ու մշակման ընթացքում առաջացած խոչընդոտները:

Դասընթացի բացմանը  ներկա էին hաշմանդամահեն, քաղաքացիակական, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: