Նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր մասնակցել է ընթացիկ տարվա առաջին  Աշխատանքի տոնավաճառին:  Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:

«Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության ակտիվ ծրագրերից մեկն է: Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք մեկական տոնավաճառ Երևան քաղաքում և հանրապետության մարզերում: Այս ձևաչափը համարում եմ ամենաարադյունավետ ճանապարհներից մեկը թե աշխատանք առաջարկողի, և թե փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գորածատուն և աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում»,-ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը նշեց նաև, որ  յուրաքանչյուր տարի՝  իրականացվող ծրագրի ավարտից հետո, կատարվում է վերլուծություն. «Վերջին արդյունքների համաձայն կազմակերպված աշխատանքի տոնավաճառներում առաջարկվող աշխատատեղերի շուրջ 60 տոկոսը համալրվել է, ինչը բավական արդյունավետ ցուցանիշ է այս ձևաչափի ներքո»:

Հարցին թե, որքանով է տոնավաճառը նպաստում գործազրկության նվազմանը, նախարարը նշեց, որ  կան զբաղվածության պետական բյուջեյով իրականացվող ևս  12 ակտիվ ծրագրեր և  տարվա կտրվածքով շուրջ 2.3 մլրդ դրամ  զբաղվածության ծրագրեր են իրականացվում:    «2014 թվականի տվյալները ամփոփելով, ասեմ որ զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով   11 000 անձ գտել է  աշխատանք, իսկ դա նշանակում է, որ աշխատանք փնտրողների շուրջ 25 տոկոսը ապահովվել են աշխատանքով:  Իհարկե անելիքներ շատ կան այս ոլորտում, սակայն այս պահին տարվող աշխատանքները գնահատում եմ բարձր»,- իր խոսքում ընդգծեց նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող յոթ տասնյակից ավելի  գործատուներ,  ովքեր ներկայացնում են ավելի քան 400 թափուր աշխատատեղեր: