Կարգավորվել են մինչև տասնչորս տարեկան անձանց աշխատանքային հարաբերությունները. փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում

0
130

Արտեմ Ասատրյանը, ի կատարումն ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի 70-րդ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 19-րդ կետերի, ՀՀ կառավարության ապրիլի 22-ի  նիստին ներկայացրել է  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները: Նախագիծը  կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:

Նախագծով կարգավորման ենթակա խնդիրները բաժանված են  երկու խմբի.

ա) Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին նորմերի հստակեցման անհրաժեշտություն.

բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով տրվել են հետևյալ լուծումները.

Առաջին խումբ հարցերի տեսանկյունից  ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանվել  են հետևյալ փոփոխությունները՝

1)   ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը (5-րդ հոդված).

2)   Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու` գործատուի պարտավորությունը հանվել է (9-րդ և 58-րդ հոդվածներ).

3)   նախատեսվել է, որ փորձաշրջան չի սահմանվում գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար (10-րդ հոդված),

4)   փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում (6-րդ հոդված).

5)   սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն (7-րդ հոդված).

6)   հստակեցվել է վաթսունհինգ տարին (ծերության նպաստի իրավունք տվող տարիքը) լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (13-րդ և 19-րդ հոդվածներ).

7)   աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները ամբողջապես ներառվել են աշխատանքի էական պայմանների մեջ (16-րդ հոդված).

8)   աշխատողի համար ակնհայտ բարենպաստ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում, որոնք սահմանված են Նախագծով, գործատուի կողմից աշխատողին ծանուցման պահանջը հանվել է (16-րդ հոդված).

9)   որոշակի ժամկետով կնքված աշախատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև փորձաշրջանի անբավարար արդյունքների հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ գործատուի կողմից ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքերը ևս ներառվել են տուժանք վճարելու գործատուի պարտավորությունների մեջ (21-րդ հոդված).

10)  սահմանվել է գործատուից անկախ պատճառով, Օրենսգրքով սահմանված ժամկետում աշխատողին վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգը (28-րդ հոդված).

11)  սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային  պայմանագրի լուծման առանձնահատկությունը (26-րդ հոդված).

12)  կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները (45-րդ հոդված).

13)  սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը (40-րդ հոդված).

14)  հստակեցվել է մասնագիտական ուսուցման ընթացքում գործատուի կողմից ուսուցանվող անձի վճարի տեսակը (53-րդ հոդված).

15)  սահմանվել է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի բողոքարկման ժամկետը (56-րդ հոդված).

16)  նվազագույն ամսական աշխատավարձի սահմանումը համապատասխանեցվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքին (47-րդ հոդված).

17)  հստակեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը (52-րդ հոդված):

Երկրորդ խումբ հարցերի տեսանկյունից սահմանված փոփոխությունները հետևյալն են.

1)   սահմանվել են մինչև տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, նրանց անունից աշխատանքային պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, այդ անձանց աշխատաժամանակի ռեժիմը և հանգստի ժամանակը (4-րդ, 7-րդ, 31-րդ, 36-րդ հոդվածներ).

2)   վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը (31-րդ հոդված).

3)   հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվում է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքերում (34-րդ հոդված).

4)   աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է աշխատողի պահանջով (50-րդ հոդված).

5)   սահմանվել է պահումների և գանձումների հետևանքով աշխատողին նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձի վճարման արգելք, որից բացառություն են Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերը` աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները, գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը (54-րդ հոդված):