Հայաստանում հաշմանդամների թիվն աճում է

0
328

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն:

 

Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Իսկ թե ի՞նչ խնդիրների հետ են հաճախ բախվում հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, ի՞նչ արտոնություններից են օգտվում և թվային առումով որքա՞ն հաշմանդամություն ունեցող անձինք կան գրանցված ՀՀ-ում՝ փորձեցինք պարզել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետ ԿԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

 

– Պետք է ասեմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը տարեցտարի աճում է: Օրինակ, եթե 2013 թվականին ունեցել ենք 186 384 հաշմանդամ, որից հաշմանդամ երեխաները 8078-ն էին, ապա 2014-ին` 193 836 և 8171 երեխա, իսկ ահա 2015 թվականի հուլիս ամսվա տվյալներով` ունենք 200 401 հաշմանդամ: Այդ թվում՝ 1-ին խմբի՝ 10 598, 2-րդ խմբի՝ 82 753 և 99 003-ը` 3-րդ խմբում են: Հաշմանդամ երեխաների թիվը վերջին տվյալներով 8047 է:
– Ինչո՞վ եք բացատրում այդ աճը:
– Աճը պայմանավորված է հիվանդացության ավելացմամբ: Մասնավորապես` սիրտ-անոթային հիվանդություններով, նորագոյացություններով: Հաշմանդամների թվի աճի վրա ազդել են նաև բազաների ճշգրտումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, սոցիալական, էկոլոգիական վիճակները և այլն:
– Իսկ ի՞նչ արտոնություններից են օգտվում վերոհիշյալ անձինք:
– Բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար բուժման, բուժսպասարկման, պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք`  50 տոկոս զեղչով դեղեր ստանալու արտոնություն: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու արտոնություն: Ինչպես նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է` 1-ին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը, 2-րդ խմբի համար` 120 տոկոսը, 3-րդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:
– Հետաքրքրիքիր է՝ բացի նշվածից՝ հավելյալ արտոնություններ ունե՞ն հաշմանդամ ուսանողները:
– Այո, միանշանակ ունեն: Օրինակ` ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվճար համակարգում սովորող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող, ցերեկային ուսուցում ստացող անձինք հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ կենսաթոշակից:
– Կխնդրեինք անդրադառնալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում են նրանք Հայաստանում:
– Առհասարակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրները երեքն են` շրջակա միջավայրի մատչելիության ապահովումը, վերականգնողական կենտրոնների ստեղծումը, զբաղվածության խնդիրների ապահովում: Պետք է նշեմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, նրանց համար մատչելի և հավասար պայմաններ ստեղծելու, հասարակական կյանքին նրանց ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր: Օրինակ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք ապահովվում են բրայլյան գրքերով, բրայլյան տետրերով, «խոսող գրքերով» և այլն: Կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցներով վերականգնողական պարագաների` սայլակների, լսողական սարքերի ձեռքբերումն ու բաշխումը հաշմանդամներին, ինչպես նաև մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերի ներդիրներով ապահովումը: Իրականացվում են սոցիալական, կրթական և առողջապահական ծառայություններ: Լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաները և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր, որոնց միջոցով նրանք ձեռք են բերում իրենց լսողությանը առավել համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր: